Մայիսի 12-ը բույսերի պաշտպանության օրն է. բույսերը լռում են իրենց խնդիրների մասին

Եւ այս հանգամանքն առավել կարեւոր է դարձնում բույսերի պաշտպանների դերը: Նրանք, անասնաբույժները հանրային առողջության գլխավոր ու անփոխարինելի պատասխանատուներն են: Բնության խաթարման գործընթացի հիմնական, սրտացավ «խոչընդոտողները»:

Պարենային եւ սննդի անվտանգություն, ինքնաբավություն, մատչելիություն. սրանք խնդիրներ են, որ ծառացած են աշխարհի մեծ ու փոքր, զարգացած եւ ոչ այնքան՝ երկրների առջեւ: ՄԱԿ-ի տվյալներով տարեկան գյուղմթերքի շուրջ քառորդ մասը կորչում է վնասատուների պատճառով: Սակայն դրանց դեմ քիմիական պայքարի միջոցների չարաշահումն էլ այլ խնդիրներ է իր հետ բերում: Բույսերի պաշտպանները հենց ոսկե միջինի գիտնակներն են: Երկրի համար ռազմավարական նշանակությամբ մի մասնագիտություն, որի կարեւորությունը դժվար է գերագնահատել:

Բույսերի առողջության պաշտպանության օրվան նվիրված հանդիսությունը մեկնարկեց ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի, պրոռեկտորներ Հրաչյա Ծպնեցյանի եւ Մարիամ Մովսիսյանի ողջույնի խոսքերով: Տոնը մեր երկրում նշվում է երկրորդ տարին։ Տեղեկությունը չծանրաբեռնենք հնչեղ անուններով եւ կոչումներով, նշենք միայն, որ Ագրարայինում ի մի էին եկել երկրի լավագույն մասնագետները, գործընկերներ Հերացու անվան բժշկական համալսարանից, այլ գիտական կենտրոններից, ուսանողներ:

Տոնը նաեւ լավ առիթ էր հարգանքի տուրք մատուցելու այս մասնագիտության բոլոր երախտավորների հիշատակին, անդրադառնալու պատմության կարեւոր դրվագներին: Երկրորդ տարին է, որ տոնը նշելիս Ագրոնոմիականի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանն իր պարտքն է համարում լուսանկարներով եւ հակիրճ ու բովանդակալից վերհուշով ներկայացնել համալսարանի՝ բույսերի պաշտպանության ոլորտի երախտավորներին։ «Մեր ոլորտի ապագան, որին լավատեսությամբ ենք նայում, նաեւ կախված է այն բանից, թե որքանով ենք մենք գնահատում, պատվում մեր մեծերին, որոնց աշակերտել ենք, ու նրանց թողած ժառանգությունը, որ աշխատել ենք հարստացնել», – ասաց դեկան Տեր-Գրիգորյանը։

Մեկ այլ գեղեցիկ ավանդույթ էլ է ձեւավորվում. ռեկտոր Ուռուտյանը տոնի առթիվ շնորհակալագրեր է փոխանցում բույսերի պաշտպանության ոլորտի ակնառու մասնագետներից երկուսին: Այս տարի բարձր գնահատականի արժանացան ՍԱՏՄ-ի Բուսասանիտարական եւ բույսերի պաշտպանության միջոցների փորձարարական լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գ. թ. Լարիսա Սիմոնյանը, ինչպես նաեւ ֆերմեր, գ.գ.թ. Սիմոն Ասատրյանը: