Նոյեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ։ Հանդիպումից առաջ պարոն Սիմոնյանը ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ եղավ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, Գինու քիմիայի, Գարեջրագործության եւ թորման, Բի-Օն կենսատեխնոլոգիական եւ Մսի վերամշակման լաբորատորիաներում։
Ջերմորեն ողջունելով Գիտական խորհրդի նիստերի դահլիճում հավաքված ուսանողներին, ԱԺ խոսնակը նրանց տրամադրեց անկեղծ խոսակցության եւ կոչ արեց առանց կաշկանդվելու տալ իրենց հետաքրքրող հարցերը, արտահայտել սեփական տեսակետները։
Ուսանողների հարցերի ընդգրկումը լայն էր՝ տնտեսություն, ներքին եւ արտաքին քաղաքականություն, բանակ, խաղաղություն, կրթություն, մշակույթ, գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի առանձին ոլորտային խնդիրներ․․․
Պարոն Սիմոնյանը բոլոր հարցերին տվեց հանգամանալից, համապարփակ պատասխաններ, որոնցից արտածվեցին երիտասարդների համար կարեւոր մի քանի ուղերձներ։ Մասնագիտության մեջ եւ կյանքում հաջողելու համար եղեք չափորոշիչներից դուրս, ձերբազատվեք առաջընթացը կաշկանդող կաղապարներից, պատրաստակամորեն ընդունեք անհրաժեշտ փոփոխությունները։ Ամենալավ միջպետական հարաբերությունները սեփական երկրի եւ ժողովրդի շահի վրա հիմնված հարաբերություններն են։ Խաղաղությունն այլընտրանք չունի, եւ պետության ջանքերը, ներառյալ կրթության բնագավառում, բանակում եւ այլ ասպարեզներում իրականացված եւ իրականացվող բարեփոխումները, ուղղված են թանկ գնով ձեռք բերված խաղաղությունն ամրապնդելուն եւ մեր երկրի քաղաքական ու տնտեսական կշիռը մեծացնելուն։ Ներդրումային եւ առհասարակ տնտեսական քաղաքականության մեջ նորօրյա առաջնահերթությունները հանգում են որակյալ արտադրությանն ու արտահանման ծավալների մեծացմանը, որը, մարդկային ռեսուրսների շարունակվող անբավարարության պայմաններում, անմիջականորեն կախված է մրցունակ մասնագիտական կադրերի պատրաստումից։ Ալեն Սիմոնյանը հավատում է հայ ժողովրդի հավաքական իմաստնությանը, պատմականորեն բախտորոշ պահերին ճիշտ ընտրություն կատարելու նրա ունակությանը։
ԱԺ խոսնակի՝ ուսանողներին ուղղված ուղերձներից մեկն էլ շատ երեխաներ ունենալու հորդորն էր՝ մեր երկրի ժողովրդագրական վիճակը բարելավելու նպատակով։








































