Քովիդի հետեւանքով սահմանված եւ շուրջ մեկուկես տարի տեւած տարբեր աստիճանի սահմանափակումների պատճառով հետաձգվեցին գրեթե բոլոր միջազգային դեմառդեմ հանդիպումներն ու գործողությունները։ Բարեբախտաբար, աշխարհը դանդաղորեն վերադառնում է բնականոն կյանքին, միջազգային գործողություններն էլ դանդաղորեն ակտիվանում են։
Այս շաբաթ ՀԱԱՀ-ը հյուրընկալեց հետքովիդյան իր առաջին էրազմուսյան հյուրերին, ովքեր մեր երկիր էին ժամանել Ռումինիայի Կլուժ Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանից։ Միհաելա Նիկուլաեն եւ Էմոկե Փալը, ովքեր դասավանդում եւ հետազոտություններ են իրականացնում կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների եւ վերարտադրողականության ոլորտում, ՀԱԱՀ ժամանեցին վերապատրաստման նպատակով։ Հանդիպման առաջին օրը ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը ներկայացրեց ՀԱԱՀ կառուցվածքը, մասնագիտությունները, միջազգային համագործակցության ոլորտներն ու հնարավորությունները, ինչպես նաեւ հյուրերին ցուցադրեց ՀԱԱՀ տարբեր ենթակառուցվածքները։
Հյուրերը եղան գրադարանի տարբեր բաժիններում, Ագրիթեքում, այցելեցին ՊՏ եւ ԱԲԱ ֆակուլտետներ, հանդիպեցին ՄԿԿԲ պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի հետ, որը ներկայացրեց համալսարանում կատարվող կրթական բարեփոխումների ընթացքը։
Փորձի փոխանակման եւ հնարավոր միջազգային ծրագրերին դիմելու վերաբերյալ հյուրերը ակտիվ քննարկումներ ունեցան ԱԲԱ դեկանի, Համաճարակաբանության եւ մակաբուծաբանության ամբիոնի վարիչի հետ։ Հատկապես ամբիոնի հետ հանդիպման ժամանակ ուրվագծվեցին այն ոլորտները, որոնցով մեր երկու համալսարանները կարող են համագործակցել։ Հյուրերը եղան նաեւ Արեշի մասնաշենքում ստեղծված Անասնաբուժական կրթագիտական կենտրոնում, որտեղ ծանոթացան առկա սիմուլյացիոն գործիքներին եւ դրանց աշխատանքի սկզբունքներին։ Հետաքրքիր է, որ Ռումինիայում անասնաբուժական կրթությունը 6 տարի է եւ այնտեղ չկա բակալավր-մագիստրոս տարանջատում․ 6 տարին ավարտելուց հետո նրանք հնարավորություն ունեն միանգամից դառնալու PhD ուսանող։
«Պրոֆեսորներ Միհաելա Նիկուլաեն եւ Էմոկե Փալը ոչ միայն ցանկություն հայտնեցին համատեղ ծրագրեր իրականացնել, այլեւ պատրաստակամություն հայտնեցին ՀԱԱՀ-ի համար գտնել նոր գործընկերներ, որոնք ակտիվորեն համագործակցում են ռումինական համալսարանի հետ։ Այստեղ արդեն շատ կարեւոր է մեր ամբիոնների պատրաստակամությունն ու հետեւողականությունը՝ ստեղծված հնարավորությունից օգտվելու եւ իրական համատեղ ծրագրեր իրականացնելու տեսնակյունից»,- ասում է ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը։
Ինչպես արդարացիորեն նկատում է պարոն Համբարձումյանը, էրազմուսյան այցերը կարեւոր են նաեւ մշակութային եւ ազգային առանձնակատկություններին ծանոթացնալու տեսանկյունից։ ՄԿԴ պետի ուղեկցությամբ հայաստանյան «այցեքարտ» համարվող Գեղարդի վանք ու Գառնու տաճար այցելությունները նաեւ Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով օտարերկրացիների շրջանում ձեւավորված եւ Հայաստանին վերաբերող որոշ կարծրատիպեր կոտրելու եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հերքման նպատակ էին հետապնդում: Գառնին ու Գեղարդը անջնջելի տպավորություն թողեցին հյուրերի վրա։
Այցի վերջին օրը ՄԿԴ-ն կազմակերպեց նրանց այցը Ծիծեռնակաբերդ ու Հայոց ցեղասպանության թանգարան։ Ինչպես խոստովանեցին վերջում, «․․․այժմ մենք ոչ միայն տպավորված ենք Հայաստանով ու հայոց պատմությամբ, այլեւ էապես փոխեցինք մեր նախկին կարծիքը Հայաստանի մասին»։ ՄԿԴ-ն իր հերթին տպավորված է հյուրերի թե մասնագիտական եւ թե մարդկային բարձր որակներով։