Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանն ընդունեց Համաշխարհային բանկի կրթության փորձագետ, ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային նախագծի Աշխատանքային խմբի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոյին, ԿԳՄՍ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Արմինե Խաչատրյանին, նախագծի «Աջակցություն նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Արմինե Մինասյանին։
Այցը հետապնդում էր վարկային նախագծի շրջանակում ՀԱԱՀ-ում հիմնադրված Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի («Ագրոբոտ») գերազանցության կենտրոնում իրականացվող աշխատանքներին, անհրաժեշտ սարքավորումներով ու տեխնոլոգիաներով համալրման ընթացքին ծանոթանալու նպատակ։ Հյուրերը լավ առիթ ունեցան նաեւ զրուցելու այս ուսումնական տարում Ագրարայինում ներդրված երկու նոր մասնագիտություններով բակալավրիատի առաջին կուրս ընդունված, ինչպես նաեւ մագիստրատուրայի ուսանողների հետ։
Ինչպես նշեց ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, ավանդական գյուղատնտեսությունն այլեւս այն ուղին չէ, որով պետք է ընթանա Հայաստանը, իսկ նորօրյա՝ թվային գյուղատնտեսության զարգացման համար առաջին հերթին վերջին տեխնոլոգիական գիտելիքներով զինված, մրցունակ մասնագետների կարիք կա։ «Ագրարային միակ բուհում ներդրված Թվային գյուղատնտեսություն մագիստրոսական եւ Գյուղատնտեսական մեխատրոնիկա եւ ռոբոտաշինություն բակալավրիական մասնագիտությունները եւ Ագրոբոտ կենտրոնի ընձեռած աննախադեպ հնարավորությունները հենց այն նոր սկիզբն են, որոնց ստեղծելիք արդյունքները կերեւան արդեն առաջիկա տարիներին»,- ասաց ռեկտոր Զաքոյանը, որի անմիջական ջանքերով եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության էական աջակցությամբ է իրականություն դարձել նոր մասնագիտությունների ներդրումը։
«Ագրոբոտ» կենտրոնի կահավորումը շարունակվում է, սակայն կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Արա Ամիրյանի եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանի ուղեկցությամբ կենտրոնի հարկաբաժնում շրջայցի ընթացքում մեր գործընկերները գոհունակությամբ անդրադարձան, որ Գյուղատնտեսական մեխատրոնիկա եւ ռոբոտաշինություն կրթական ծրագրի անդրանիկ առաջին կուրսի ուսանողներն արդեն տեղադրված սարքավորումները օգտագործում են ակտիվորեն եւ նպատակայնորեն։ Մասնավորապես, հյուրերն ականատես եղան, թե ընդամենը մեկ ամիս առաջ ուսանող դարձած երիտասարդները ինչպես են օգտագործում 3D մոդելավորման սարքը, աշխատեցնում հետազոտող ԱԹՍ-ն, պարարտացման, բուժման եւ բազմաթիվ այլ նպատակների համար նախատեսված դաշտային ռոբոտ մեքենաները, վայելում շատ բարեկամաբար տրամադրված «հովվաշան» ընկերակցությունն ու զարմացնում նրա կատարած գործողություններով եւ այլն։
Ուսանողների հետ հաճույքով զրույցի բռնվելուց հետո տիկին Կոնիմոտոն նշեց, որ տպավորված է նրանց նպատակասլացությամբ, տնտեսության զարգացման հեռանկարները պատկերացնելու կարողությամբ եւ գյուղատնտեսական ճարտարագիտության նորարարական ուղղություններով մասնագիտանալու եւ դրանով երկրին օգուտ տալու վճռականությամբ։
«Ես տպավորված եմ այսօրվա մեր հանդիպմամբ, նախագծի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքով եւ առհասարակ Ագրարային համալսարանում ընթացող բարեփոխումներով։ Սակայն առավել տպավորված եմ ձեր պայծառ ուսանողներով», – հանդիպման ավարտին ասաց Շիզուկա Կոնիմոտոն՝ դիմելով Ագրարայինի իր գործընկերներին։