Սանիտարական փորձաքննություն մասնագիտության մագիստրանտները «Սննդամթերքի փորձաքննություն եւ վերահսկում» առարկայի մարտի 28-ի գործնական պարապմունքն անցկացրեցին ՀԱԱՀ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում: Թեման հացի փորձաքննությունն էր:
«Սննդամթերքի որակի վերահսկման ժամանակ շատ կարեւոր է հսկողությունը մթերքի ստացման յուրաքանչյուր փուլում: Ուստի ակնհայտ է նաեւ արտադրական գործընթացին փորձագետի անմիջական մասնակցության կարեւորությունը: Այդ շղթան մագիստրանտները կարողացան պահպանել գործնական դասի ընթացքում»,- նշում է Սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ Սիրանուշ Ալթունյանը:
Ուսանողները մեծ պատասխանատվությամբ իրականացրեցին հումքի որակի ստուգում, այնուհետեւ լաբորատորիայի համադրող Նարինե Հովհաննիսյանի գլխավորությամբ իրականացրեցին հացաթխում, իսկ պատրաստի հացի փորձաքննությունը կատարեցին մեծ ոգեւորությամբ:
«Ես շատ ուրախ եմ, որ Ագրարայինի ուսանողների համար այլեւս երազանք չէ դասագործընթացի ժամանակ ինքնուրույն սննդամթերք պատրաստելու եւ դրա որակը գնահատելու հնարավորությունը, որ սովոր էինք տեսնել արտերկրի համալսարաններում»,- ասում է Սիրանուշ Ալթունյանը:
Այս առումով տիկին Ալթունյանը եւ ուսանողները շնորհակալություն են հայտնում տիկին Հովհաննիսյանին՝ ուսանողներին ջերմորեն հյուրընկալելու եւ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաեւ բուհի ղեկավարությանը՝ ագրարայինցիներին այսպիսի աննախադեպ հնարավորություն ընձեռելու համար։