Հացաթխման վարպետաց դաս հացի եւ հրուշակեղենի լաբորատորիայում

Հացի եւ հրուշակագործության լաբորատորիայում Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուտետի  մի խումբ ուսանողների համար վարպետաց դաս անցկացրեց ՀԱԱՀ շրջանավարտ, Բեյք մարկետ ՍՊԸ տեխնոլոգ Գրիգոր Հովհաննիսյանը: Հետաքրքիր, հագեցած դաս էր, որը մեկ անգամ եւս հաստատեց տեսության եւ գործնական փորձի ներդաշնակ համատեղման անփոխարինելի նշանակությունը:

Դասի ավարտին անգամ կողքից դիտողը կարող էր վստահաբար հայտարարել, որ նոր, թարմ գիտելիքներ է ստացել, անսպասելի դիտակետերից ընկալել հացի՝ որպես թիվ մեկ սննդամթերքի, ոչ միայն բաղադրությունը, անվտանգ արտադրության ու համի գաղտնիքները, այլեւ՝ որպես ապրանք շուկայում դիրքավորման հնարավորությունները:

Հաշվի առնելով Գրիգորի վարպետությունը (թեեւ առաջին անգամն էր կանգնում ուսանողական լսարանի առջեւ), հանդիպումն իսկապես վարպետաց դաս եւ օգտակար փորձ եղավ մասնագիտական աշխատաշուկայի նախաշեմին գտնվող երիտասարդների համար: Իսկ Ագրարայինի շրջանավարտ Գրիգորի համար սա լավագույն առիթ էր վերադառնալու հարազատ բուհ:

«Շատ ուրախ եմ, որ կարող եմ փոքր-ինչ օգտակար լինել մեր բուհին, մանավանդ՝ նորարարական այսպիսի ձեռնարկումներում: Այն ամենն, ինչ արվում է Ագրարայինում վերջին տարիներին՝ շատ տպավորիչ է, եւ պատրաստ եմ ուժերիս չափով օգնել իմ համալսարանին՝ նպաստելով ուսանողների այսօրվա սերնդի վաղվա մրցունակությանը»,- ասում է մասնագիտական կյանքում բազում դժվարություններ հաղթահարած, սեփական ձեռագիրն ու ոճն ունեցող կայացած մասնագետն ու Ագրարայինի նվիրյալ սանը:

Լաբորատորիայի համադրող Նարինե Հովհաննիսյանը շնորհակալական խոսք է ուղղում նաեւ Աշոտ Նազարյանին՝ Բեյք մարկետ ընկերության Հացի բաժնի ղեկավարին՝ լաբորատորիային անհրաժեշտ նյութերով աջակցելու համար: Պարոն Նազարյանը, որ նույնպես մեր համախոհն է եւ մեր համալսարանի շրջանավարտ՝ հացի տեխնոլոգիա մասնագիտության առաջին շրջանավարտներից: