Համալրում. լուծման կարոտ հիմնախնդիր

Վերջին տարիներին բուհական հիմնախնդիրներից գլխավորը թերեւս առաջին կուրսերի համալրումն է: Անբացատրելի է, բայց փաստ. երկրի տնտեսության գերակշիռ հատվածը զբաղեցնող ագրարային եւ վերամշակող ոլորտների համար մասնագետներ պատրաստող միակ բուհի՝ անգամ անվճար ուսուցման տեղերն են թափուր մնում: Այսօր աշխարհում ամենից շատ պահանջարկ կա անասնաբույժների, սելեկցիոներ-գենետիկոսների, կենսատեխնոլոգների: Եւ՛ պահանջարկն է մեծ, եւ՛ այս մասնագետների աշխատավարձերը: Դե, փորձեք այս վիճակի համար խելամիտ հիմնավորում գտնել…

Կարծես այլեւս անիմաստ է հույսը դնել միայն տեղեկատվական համակարգերի վրա: Տպավորություն ունեմ, որ ողջ օրը համացանցում ապրող մեր հասարակությունը ո՛չ կարդում է, ո՛չ էլ հետեւում է դրական նորությունների: Ուրեմն, դպրոցահասակների հետ պետք է աշխատել ուղիղ: Անցյալ տարիներին կար այդպիսի փորձ՝ գնում էինք դպրոցները հանդիպումների: Հիմա վերադառնում ենք նույն մեթոդին եւ հույս ունենք, որ արդյունավետ կլինի: Եւ ճիշտը այդ գործը աշնանը ձեռնարկելն է, երբ պատանիները դեռ վերջնական ընտրություն չեն կատարել:

Առաջիններից մեկը, որ այցելեց դպրոց՝ բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Հեղինե Մխիթարյանն էր: Նա իր մասնագիտության եւ գործի ճշմարիտ նվիրյալ է ու մի ավելորդ վկայությունն էլ այս պատմությունն է: Տիկին Մխիթարյանը հանդիպել է Երեւանի լավագույն ավագ դպրոցներից մեկի՝ թիվ 139-ի, սաների հետ: Հետաքրքիր զրույց է ստացվել եւ հույս ունենք, որ այս դասարանի լավագույններին կհանդիպենք հաջորդ սեպտեմբերին՝ Ագրարայինում: