Ագրարային համալսարանի, համագործակցող կազմակերպությունների սիրելի կին աշխատակիցներ, ուսանողուհիներ, Հայաստանի կին ֆերմերներ եւ գյուղաբնակ սիրելի կանայք։
Ուրախալի է, որ Մարտի 8-ը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում աշխարհում, իսկ մեզանում մշտապես եղել է ամենասիրելի տոներից մեկը՝ տնտեսական, քաղաքական, հասարակական երանգավորումից զատ ունենալով նաեւ մեր մայրերին, քույրերին, կանանց ու գործընկերուհիներին մեծարելու գեղեցիկ ավանդույթի ուժ։
Հատկապես կարեւոր եմ համարում այն առանցքային եւ անգնահատելի դերը, որ հայաստանյան հասարակության մեջ խաղում են գյուղատնտեսության եւ կրթության ոլորտի կին մասնագետները, ֆերմերները, գյուղի կանայք։
Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Մաղթանքներս շատ են, բավարարվեմ մի քանիսով․ ապրեք, արարեք եւ ձեր ընտանիքներին սատար կանգնեք միայն խաղաղ երկնքի ներքո, խիզախեք գիտության բնագավառում եւ առանց երկյուղելու ձեզ ենթարկեք նորագույն տեխնոլոգիաները, եւ թող ձեր կյանքում, ուսման մեջ եւ աշխատանքում, ձեր ընտանիքներում առաջընթացն ու դրական հույզերն անպակաս լինեն։
Շնորհակալություն ձեր նվիրվածության, իմաստնության, տաղանդի եւ աշխատասիրության համար։