Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, հարգելի երիտասարդ գործընկերներ։
Արդեն 26-րդ անգամ աշխարհն օգոստոսի 12-ին նշում է Երիտասարդության միջազգային օրը, գեղեցիկ եւ կարեւոր տոն, որի այս տարվա կարգախոսն է՝ «Տեղերում երիտասարդների գործողությունները հանուն Կայուն զարգացման նպատակների եւ անդին»: Խորհրդանշական է, որ մեր համալսարանը հենց ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործում մեծ հաջողություն գրանցելու շնորհիվ, ուղիղ մեկ տարի առաջ՝ 2024-ի օգոստոսին հայտնվեց համաշխարհային վարկանիշավորման Թայմս (THE – Times Higher Education) հարթակի Ազդեցության վարկանիշային ցանկում, հինգ ԿԶՆ-ի գծով՝ աշխարհի առաջին 601-1000-րդ, իսկ երկու ԿԶՆ-ի գծով՝ առաջին 401-600-րդ համալսարանների շարքում։
Միջազգային վարկանիշավորման ցանկում պատվավոր տեղ նվաճելը մեզ բոլորիս՝ ուսանողների, պրոֆեսորադասախոսական եւ ուսումնաօժանդակ անձնակազմի եւ համալսարանի ղեկավարության ամենօրյա ստեղծագործ եւ նպատակային աշխատանքի արդյունքն է։ Իսկ մեր նպատակը հստակ է՝ մեր երկրի ագրոպարենային եւ հարակից ոլորտների համար պատրաստել մրցունակ, արդիական գիտելիքներով զինված եւ վերջին թվային տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետներ։
Այսօր, այս գեղեցիկ տոնի օրը, գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ընդհանուր նպատակին հասնելու գործում գնալով ավելի հասուն, գործընկերային եւ արդյունավետ է դառնում համագործակցությունը համալսարանի բոլոր օղակների, մասնավորապես, համալսարանի ղեկավարության եւ ուսանողների ու երիտասարդ գործընկերների միջեւ։
Սիրելի ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ, երիտասարդ դասախոսներ ու գիտնականներ, առիթն օգտագործելով՝ շնորհակալություն եմ հայտնում համախոհության եւ ներդաշնակ գործակցության, ձեր ձգտումները, երազանքներն ու ծրագրերը ոչ միայն ձեր անձնական կարիքների ու նպատակների հետ կապելու, այլեւ համալսարանի վարկանիշն ու հեղինակությունը բարձրացնելու, արագ փոփոխությունների այս պատմական ժամանակաշրջանում երկրի ու ժողովրդի պարենային անվտանգության խնդիրը լուծելու պատրաստակամության համար։
Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ եւ հորդորում օգտագործել թե՛ մեր համալսարանում առկա եւ թե՛ հասանելի այլ հնարավորությունները՝ լավ մասնագետ եւ երկրի պատասխանատու քաղաքացի դառնալու համար՝ ապավինելով համալսարանի ղեկավարության եւ պրոֆեսորադասախոսական կազմի շարունակական եւ համակողմանի աջակցությանը։






