Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի ուսանողները հոկտեմբերի 4-ից 6-ը մասնակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի եւ Հոհենհայմի համալսարանի կազմակերպած «Հանրային մասնակցությունը եւ էկոհամակարգային ծառայությունները» թեմայով առցանց համաժողովին։
Մեր ուսանողներից առաջինը ելույթ է ունեցել Ագրոէկոլոգիա մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Սարե Գալստյանը, որը ներկայացրել է «Ինչպե՞ս ներգրավել հայաստանյան ֆերմերներին էկոհամակարգային ծառայությունների մոտեցումների կիրառման մեջ» թեման։ Այնուհետեւ Կայուն գյուղատնտեսություն մագիստրոսական կրթական ծրագրի մագիստրանտ Աշոտ Գաբրիելյանը եւ Մոնիկա Խաչատրյանը ներկայացան համապատասխանաբար «Էկոհամակարգային ծառայությունների դերը Հայաստանում սննդամթերքի արտադրության եւ պարենային անվտանգության մեջ» եւ «Էկոհամակարգային ծառայությունների ներդրումը Հայաստանի զարգացման ռազմավարական ծրագրում: Մարտահրավերներ եւ հնարավորություններ» զեկույցներով։
Միմյանց փոխլրացնող թեմաներով մեր ուսանողները փորձել են բացահայտել եւ ամբողջական ներկայացնել ոլորտին առնչվող կարեւորագույն խնդիրները՝ գիտականորեն հիմնավորված նորարարական լուծումներով։
Համաժողովի մասնակից Զարուհի Հովեյանի վկայությամբ ներկայացված զեկույցները հաջողված էին, քանի որ դրանց բովանդակությունը ունկնդիրների հետաքրքրությունն են առաջացրել: «Այդ հաջողության գործում նկատելի էր նաեւ «հոգատար ձեռքերի» ներդրումը, հանձինս Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարինե Մարկոսյանի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ՀԱԱՀ Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանի», – ասում է Զարուհին: