ՀԱԱՀ Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը եւ ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանը սեպտեմբերի 16-19-ը մասնակցեցին «Times Higher Education»-ի (THE) կազմակերպած «Արաբական աշխարհի թվային համալսարաններ» գիտաժողովին, որը տեղի էր ունենում Կահիրեի Ամերիկյան համալսարանում։ Գիտաժողովին մասնակցության հրավերը ՀԱԱՀ աշխատակիցները ստացել էին Համալսարանի՝ THE-ի՝ աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորման ազդեցության հեղինակավոր ցանկում (Times Higher Education Impact Ranking 2024) ընդգրկվելու կապակցությամբ։
Գիտաժողովի քննարկման հիմնական թեմաներն էին․ Կայուն խելացի բարձրագույն կրթություն, ինչպես է թվային փոխակերպումն աջակցում համալսարաններին հասնել Կայուն զագացման նպատակներին․ Ինչ է անհրաժեշտ համալսարանի ղեկավարությանը համալսարանի թվային փոխակերպումը կառավարելու համար․ Առցանց կրթության որակի ապահովում․ Ինչպես ապահովել ակադեմիական ազնվությունը արհեստական բանականության դարաշրջանում․ Դասավանդման եւ ուսումնառության ապագա բարելավում, ինչպես է արհեստական բանականությունը փոխում լսարանը․ Կառավարում եւ էթիկա․ ինչ է նշանակում արհեստական բանականությունը բարձրագույն կրթության համար եւ ինչպես պետք Է համալսարանները դրան արձագանքեն․ Ինչպիսին է ապագայի աշխատանքը․ ինչպես համապատասխանել աշխատաշուկայի հարափոփոխ պահանջներին․ Ձեւավորել «բաց» կրթություն եւ միկրոորակավորումներ բարձրագույն կրթության համակարգում․ Վարպետաց դաս «Ազդեցության գնահատում (Times Higher Education Impact Ranking)» ։
Անխոս, նման արդի հիմնահարցերի, մասնավորապես՝ միկրոորակավորումներին, թվայնացմանը եւ արհեստական բանականության կիրառմանն առնչվող հարցերի քննարկմանն ուղղված գիտաժողովին մասնակցությունը չափազանց կարեւոր է ՀԱԱՀ-ում իրականացվող բարեփոխումների համատեքստում։ Ժամանակակակից փոխակերպումների համատեքստում առաջատար համալսարանները հույժ կարեւոր են համարում ուսանողների փափուկ հմտությունների ձեւավորումը կրթական ծրագրերի իրականացման ժամանակ։ Ինչպես գիտաժողովի բացման իր ելույթում նշեց Կահիրեի ամերիկյան համալսարանի նախագահ Ահմադ Դալալը, ուսանողը պետք է համալսարանում ձեռք բերի փափուկ հմտություններ, քանի որ գիտության եւ արտադրության արդի արագընթաց զարգացման շնորհիվ գրեթե անհնար է տրամադրել տվյալ ժամանակին համահունչ մասնագիտական գիտելիքներ, սակայն զինելով ուսանողին ինքնուրույն վերլուծելու եւ գիտելիքը ճիշտ վերարտադրելու հմտություններով, կարող ենք վստահ լինել, որ նա ունակ կլինի ինքնակրթվել եւ միշտ կատարելագործել մասնագիտական գիտելիքները՝ դառնալով ոլորտի պահանջված մասնագետ։
Տիկին Մովսիսյանը եւ տիկին Դաշտոյանը ոգեւորված են գիտաժողովի միջոցով ձեռք բերած փորձից եւ ստացած գիտելիքներից, որոնք իրենք վստահաբար կքննարկեն ներքին շահակիցների հետ եւ կներդնեն վերոնշյալ ուղղություններով՝ ՀԱԱՀ-ի համար արդյունավետ մոտեցումներում։
ՀԱԱՀ-ի մասնակցությունը գիտաժողովին հնարավոր է դարձել Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորող «Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հզորացում» ծրագրի միջոցներով, քանի որ ծրագիրը կարեւոր է համարել ՀԱԱՀ դիրքավորումը աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորման ազդեցության հեղինակավոր ցանկում։