2021 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար համայնքում, իսկ հոկտեմբերի 30-ին՝ նույն տարածաշրջանի Չորաթան համայնքում կազմակերպվել անցկացվել են աշխատաժողովներ համապատասխանաբար «Կաթիլային ոռոգման փորձացուցադրական տեղամասերի ստեղծում» եւ «Ինտեգրացված պայքար խաղողի վազի վնասակար օրգանիզմների (ՎԴԻՊ) դեմ» թեմաներով: Աշխատաժողովներն անցկացրել են ՄԱԿ-ի ՊԳԿ ոռոգման գծով փորձագետ, ՀԱԱՀ Ջրային ռեսուրսների կառավարման, հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը եւ ՄԱԿ-ի ՊԳԿ բույսերի պաշտպանության հարցերով ազգային փորձագետ, ՀԱԱՀ Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանը:
Աշխատաժողովն անցկացվել է ՄԱԿ-ի ՊԳԿ «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են ՄԱԿ-ի մի շարք կազմակերպություններ՝ ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Մեր մասնագետները աշխատաժողովների մասնակից ֆերմերներին փոխանցեցին իրենց ոլորտների վերջին գիտելիքները, միջազգային եւ հայաստանյան փորձը: Այս պատեհ հնարավորությունից Պառավաքար համայնքում օգտվեցին 34 խաղողագործ ֆերմերներ, ինչպես նաեւ Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի ներկայացուցիչներ, իսկ Չորաթանում՝ 15 խաղողագործ ֆերմերներ եւ գյուղատնտեսներ:
Աշխատաժողովին մասնակցում էր ՄԱԿ-ի ՊԳԿ գյուղատնտեսության հարցերով ազգային փորձագետ Վահան Ամիրխանյանը, որը ներկայացրեց «Ինտեգրացված պայքար Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի առավել տարածված ու վնասակար հիվանդությունների եւ վնասատուների դեմ» ձեռնարկը: Ազգային փորձագետ Գայանե Ավագյանն էլ ներկայացրեց ծրագրի շրջանակում հրատարակված «Խաղողի վազի վնասակար օրգանիզմները եւ դրանց դեմ պայքարի ինտեգրացված միջոցառումները» գրքույկը: Ձեռնարկի եւ գրքույկի օրինակները բաժանվեցին խաղողագործ ֆերմերներին:
Զեկուցումներին հետեւած ակտիվ հարցուպատասխանի եւ քննարկումների շնորհիվ սահմանամերձ համայնքների բնակիչ ֆերմերներն ու մասնագետները ամրապնդեցին այն գործնական գիտելիքն ու նոր հմտությունները, որ ստացել էին աշխատաժողովի ընթացքում: