Կարգապահություն, դիպլոմայիններ եւ ոչ միայն. ռեկտորատի տարեվերջյան նիստը

Ռեկտորատի դեկտեմբերի 23-ի նիստը, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, քննարկեց հեռակա ուսուցման դեպարտամենտում ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակի եւ ՀԱԱՀ բոլոր ստորաբաժանումների ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների կատարման նախապատրաստական աշխատանքների ու խնդիրների վերաբերյալ հարցերը: Զեկուցումներով հանդես եկան ստորաբաժանումների ղեկավարները:

Հեռակա ուսուցման դեպարտամենտի թվերն ու տոկոսները, որպես այդպիսին, վկայում են կարգապահության, ընդհանուր առմամբ, բարելավված վիճակի մասին: Նույն թվերը եւ տոկոսները, գումարած բովանդակային քննարկումը, ցույց տվեցին, որ հեռակա դեպարտամենտում ուսումնական գործընթացի որակի բարձրացման գործում առաջընթաց ունենք: Ի դեպ, որակի բարձրացման փաստը մենք արձանագրում ենք նաեւ թվերից ու ռեկտորատի նիստից անկախ՝ անաչառ գնահատողը չի կարող չարձանագրել այդ առաջընթացը:

Այլ բան է, որ համալսարանի բոլոր ստորաբաժանումները, ներառյալ հեռական, չեն դադարում թերությունները մատնանշել, ազատ-անկաշկանդ (երբեմն՝ բուռն) քննարկել եւ լուծումները թիմով գտնել. սա ուսումնական գործընթացի շարունակական բարելավման մեր քաղաքականության ու գործելակերպի անկապտելի մասն է: Կարգապահության հարցում, մասնավորապես, անելիքներ ունենք, եւ ռեկտոր Ուռուտյանը դրա շարունակական բարձրացման, խախտումներին ավելի խիստ եւ սկզբունքային գնահատական տալու մասին հստակ ցուցումներ տվեց:

Դիպլոմային աշխատանքների կատարման նախապատրաստական գործընթացում երկու կարեւոր թերություն մատնանշվեց, որոնց վերացումը հրատապ խնդիր է դարձել. խոսքը թեմաների արդիականության հարցում ետ մնալու եւ առկա ուսուցման համակարգի որոշ թեմաներ հեռակայում կրկնելու մասին է: «Արդիական թեմաների կողքին կան հնացած, ոչինչ չասող թեմաներ: Պետք է ուսանողին հասցնել եւ օգնել, որ դիպլոմային աշխատանքի թեման բիզնես պլանի հիմունքներով լինի, որը կարող է ստարտափ դառնալ եւ իրական հնարավորություն տալ վաղը կյանքի կոչելու իր իսկ գաղափարը: Թեմաների ընտրության հարցում ազատ թողեք ուսանողներին, եւ կտեսնեք՝ թե ինչ պայծառ գաղափարներ կարող են առաջարկել»,- ասաց պարոն Ուռուտյանը եւ «հուշեց» վերլուծական, արժեշղթայի կառավարման, ոլորտային հետազոտությունների վրա հիմնված նորարարական գաղափարներ բովանդակող մի շարք թեմաներ:

Ընթացիկ հարցերի շարքում մանրակրկիտ կերպով քննարկվեցին վարձավճարների հավաքմանը, ուսանողների հեռացումներին, վերականգնման կարգի ու ժամանակացույցի հստակ պահպանմանն առնչվող հարցեր:

Նիստի ավարտին պարոն Ուռուտյանը շնորհավորեց գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ եւ տեղեկացրեց, որ համալսարանի հիմնական աշխատակիցները տոների առթիվ կստանան պարգեւավճար՝ «տասներեքերորդ աշխատավարձի» տեսքով: