Նոր Նորքի յոթերորդ զանգվածում՝ թիվ 17 շենքի բակում հուլիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանայի ձեռամբ օծվեց եւ բացվեց խաչքար Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Նորայր Արտեմյանի հիշատակին։ Նորայրն այդ շենքում էր ապրում ծնողների՝ Ագրարային համալսարանի Կենսագործունեության անվտանգության ամբիոնի դոցենտ Ռոբերտ Արտեմյանի եւ համալսարանի Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնի աշխատակից Աննա Ստեփանյանի հետ։ Համալսարանի նրանց գործընկերների շարքում խաչքարի օծմանը ներկա էր պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը։
Գեղեցիկ հուշանկյունը՝ ցայտաղբյուրով ու տաղավարով, բոլորովին նոր իմաստ ու խորհուրդ ձեռք բերեց, քանի որ Նորայրն արդեն այստեղ, նաեւ այստեղ է շարունակելու հյուսել իր ու հազարավոր ուրիշ նորայրների ընդհատված պատումը, ազատության եւ Հայրենիքի հավերժության՝ կեսճանապարհին մնացած երգը հայ տեսակի այսօրվա եւ եկող սերունդների համար։ Հավերժ զինվոր, հավերժ ուսանող, հավերժ 19 տարեկան, որ արդեն զարմանալիորեն կայացած անհատականություն էր, տղամարդ, առաջնորդ։ Գեղեցիկ էր, ուժեղ, կամային։
Նորայրը Ազգային բանակի շարքերը համալրեց 2020թ․ հունվարին, իսկ մինչ ծառայությունը սովորում էր ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի եւ կիբեռնետիկայի ֆակուլտետի առաջին կուրսում։ Արտասովոր գիտելիքներ ու ունակություններ ուներ առհասարակ, իսկ մաթեմատիկայից՝ աներեւակայելի, նույնիսկ նոր բանաձեւ էր ստեղծել։ Մյուս կողմից, սպորտն էլ էր նրա կենսակերպի անբաժան մասը։ Այդ մարդու մեջ գիտությունն ու սպորտը ներդաշնակ ամբողջություն էին կազմում, այլ խոսքով՝ կրթված էր մտքով եւ մարմնով։
Նա առաջնորդ էր, իր ետեւից տանել եւ ուրիշների համար պատասխանատվություն կրել գիտեր։ Նրան հետեւում էին, իր օրինակով «վարակվում»՝ լիներ խաղաղ ծառայության ընթացքում գիրք կարդալն ու դասական երաժշտություն լսելը, թե պատերազմի դաշտում, պատերազմի օրենքով, «պատերազմի աստված» հրետանին աշխատեցնելը՝ ի սարսափ արյունարբու թշնամու, որի կենդանի ուժն ու տեխնիկան Նորայրն ու իր ղեկավարած հաշվարկի տղաները ոչնչացնում էին «բռերով», ինչպես համակարգչային հմուտ խաղացողը՝ շնորհիվ Նորայրի մաթեմատիկական արագ ու ճշգրիտ հաշվարկների։ Մի՞թե պատահական է, որ Նորայրին, որ կրտսեր սերժանտ էր, դասակի հրամանատարի պաշտոն են առաջարկել՝ տեսնելով նրա անձնուրաց, խելացի, համարձակ, միեւնույն ժամանակ հաշվարկված գործողությունները Հադրութի պաշտպանական մարտերում, ռազմաճակատի հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններում։
Նորայրը հրաշքներ էր գործում ոչ միայն որպես հրետանավոր․ ծառայակից վիրավոր ընկերներին փրկելու նրա գործողությունները այլ կերպ քան հերոսություն չի կարելի որակել։ Բանակում, պատերազմում տղաները հաճախ են մականուններ ստանում ընկերներից, որ նրանց փաստաթղթային անունների մի տեսակ բնական շարունակությունն են դառնում։ Պատերազմում Նորայրի ստացած մականունը «Փրկիչն» էր։
Իր փրկաբեր վերջին գործողությանը, ցավոք, վիճակված չէր հաջողություն ունենալ․ Մարտունու Շեխեր գյուղում նոյեմբերի 28-ին վիրավոր ընկերոջը դուրս բերեց թշնամու չդադարող կրակի տակից, հասցրեց մինչեւ շտապօգնության մեքենա, բայց երկուսն էլ չհասցրեցին նստել մեքենա․․․
Արցախի կառավարությունը Նորայրին հետմահու պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս պարգեւը տրվում է մարտական առաջադրանքների հաջող կատարման, զորքերի մարտական պատրաստվածության, սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար։ Ինչ խոսք, սա պատվավոր գնահատական է, բայց շատերն այն կարծիքին են, որ Նորայր Արտեմյանի տրամաչափի զինվորը, առանց վարանելու ասենք՝ ռազմական գործիչը, նրա սխրանքն ու Հայրենիքին մատուցած ծառայությունը պետք է արժանան շատ ավելի բարձր պետական պարգեւի։ Անշուշտ, դա այդպես է, եւ գուցե դրա ժամանակն էլ կգա։ Սակայն ավելի կարեւոր է Նորայրի եւ հազարավոր մյուս հերոսների թողած ժառանգությանը, նրանց մեծագույն ներդրմանը արժանի լինել այսօր եւ վաղը, նոր սերնդին դաստիարակել Նորայրի ոգով, նրա օրինակով եւ կերտել ուժեղ, գեղեցիկ, ազդեցիկ, ազնիվ ու արժանապատիվ Հայրենիք, ճիշտ այնպիսին, ինչպիսին Նորայր Արտեմյանն էր եւ է´։
Ահա այսպիսի խորհուրդ ունի նաեւ նորաբաց, նորաօծ խաչքարն ու գեղեցիկ հուշանկյունը։ Ծնունդդ շնորհավոր, Հայրենիքի եւ համեստ, մտավորական, հարգված ու սիրված մեր գործընկերների արժանի զավակ, Հայրենիքի եւ մեր հերոս։