Իրազեկվածը պաշտպանված է․ ողբերգությունից 37 տարի անց դասեր չսերտած

Չսերտեցինք, դասեր չքաղեցինք, չուզեցինք սովորել-լսել-հասկանալ-պաշտպանված լինել: Եւ երեկ էլ՝ դեկտեմբերի 8-ին, փոքր դահլիճում հավաքվածների շարքերում կային մեծ ու փոքրեր՝ ուսանողներ եւ դասախոսներ, որ չկամեցան ըմբռնել ասելիքի ողջ կարեւորությունը: Մինչդեռ, որքան անհրաժեշտ էր:

Մեր տարածաշրջանը հազարամյակներ շարունակ եղել ու մնում է երկրաշարժի գործուն գոտի: Այս աղետի մասին ճապոնացիներն ասում են. երկրաշարժի´ց չեն մեռնում մարդիկ, այլ վատ կառուցված շենքերի պատճառով: Սպիտակի  երկրաշարժը դրա վկան է, չսպիացող վերքը՝ դրա անդադար հիշեցումը, աղետի գոտին՝ խորհրդահայ շինարարի դեմքից խարանի անջնջելիությունը…

Նույն այդ Ճապոնիան, որ ցունամիների ու ստորգետնյա ցնցումների մշտական թիրախներից մեկն է, որքան գրագետ ու հետեւողական է աշխատում, որ բնակչությունը պատրաստ լինի-իրազեկված, իմանա իր անելիքները՝ մինչ երկրաշարժը, ընդամենը վայրկյաններ տեւող ընթացքում եւ հետո: Առաջին անհրաժեշտության եւ օգնության պարագաներ, խուճապի-խցանումների հնարավորինս բացառում, գործողություններ-վարքագիծ, որ չեն խանգարի մյուսներին:

Երեկ իրազեկման քայլը սկսվեց լռության րոպեով: Պահեստազորի գնդապետ, Մեքենասարքավորումների ճարտարագիտության եւ տեխնիկական անվտանգության, նաեւ Ավտոտրակտորների եւ գյուղատնտեսական մեքենաների ամբիոնների դոցենտ, տ.գ.թ., Գեղամ Միքայելյանը հանգամանորեն ներկայացրեց աղետի ժամանակ քայլերը, պատրաստված լինելու շնորհիվ կորուստները նվազեցնելու հնարավորությունները, անցյալի սխալների դիտարկմամբ նոր սխալներից ազատ լինելու հեռանկարը, որոնց շնորհիվ կարելի է փոխել ցավեցնող վիճակագրությունը: