Եվրոպական Միությունից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալությունից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի շրջանակում, ՀԱԱՀ-ը, Կանաչ արահետ ՀԿ-ն եւ CENN-ը լույս են ընծայել հինգ արդիական ձեռնարկներ, որոնք նախատեսված են Կայուն գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրում դասավանդելու համար:
«Կլիմայակայուն խելամիտ գյուղատնտեսություն», «Գյուղատնտեսական թափոնների կայուն կառավարում», «Շրջանաձև տնտեսություն», «Ներառական գյուղական հասարակություն», «Բնական ռեսուրսների կայուն կառավարում» վերտառություններով ձեռնարկների հեղինակները մեր համալսարանի հետազոտող դասախոսներն են, հիմնականում՝ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնից:
Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ձեռնարկների շնորհանդեսը: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Կանաչ արահետ ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, հեղինակներից մեկը՝ Անտառագիտության եւ Ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարինե Մարկոսյանն ըստ արժանվույն գնահատեցին միջազգային եւ հայաստանյան լավագույն փորձի ու գործելակերպերի վրա հիմնված արդիական հայալեզու ուսումնական ձեռնարկները, որոնք մեծապես կօգնեն Կայուն գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի հաջողությանը:
Շնորհանդեսի համար ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանն առաջարկեց անսովոր՝ World Café («Համաշխարհային սրճարան») ձեւաչափը: Յուրահատուկ միջավայր ստեղծող պարզ ու արդյունավետ այս մեթոդով հեղինակները հնարավորություն ստացան շրջափոխվող խմբերին ներկայացնել ձեռնարկների հրատապությունը, նպատակները, հայեցակարգը, գործնական նշանակությունը եւ պատասխանել բազմաթիվ հարցերի:
Կիրառական նշանակությամբ նոր ուսումնական ձեռնարկները դուրս են գալիս «Կայուն գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի շրջանակից, դրանք կարող են օգտագործել ոլորտի գործող մասնագետները, հետազոտողները, դասախոսները, ֆերմերները: