Երեւանում կայացավ Եւրամիության կողմից ֆինանսավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ եւ կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որն ամփոփեց նախագծի շրջանակում իրականացված աշխատանքները եւ բարձրագույն կրթության ոլորտում արձանագրված կարեւոր արդյունքները։
Նախագիծը նպատակ ուներ նպաստել Հայաստանում բուհական կրթության բարեփոխմանը՝ խրախուսելով անցումը ավանդական ուսումնական ծրագրերից դեպի ապագային միտված, կանաչ եւ միջգիտակարգային կրթական ծրագրեր։ Նախագծի նպատակն էր նաեւ բարձրացնել կրթության որակը, ընդլայնել միջազգային համագործակցությունը եւ խթանել ուսանողների շարժունությունը՝ ապահովելով մրցունակ եւ ժամանակակից կրթական միջավայր։
Նախագծի եզրափակիչ համաժողովի պաշտոնական բացմանը ելույթով հանդես եկավ Հայաստանում Եւրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ տիկին Սուսանա Մարտինսը: Նա ողջունեց համաժողովի բոլոր մասնակիցներին եւ ընդգծեց նախագծի կարեւորությունը կրթական համակարգի զարգացման համար։ Նա շնորհավորեց բոլորին նախագծի բարեհաջող ավարտի կապակցությամբ, ընդգծելով, որ նախագծի իրականացման ընթացքում եղել են բազմաթիվ դժվարություններ, իսկ այսօր արդեն ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ հաջողությամբ հասել ենք այս կարեւոր փուլին, երբ առկա են տեսանելի արդյունքներ եւ ձեւավորվել են զարգացման նոր հնարավորություններ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը՝ ընդգծելով միջազգային համագործակցության նշանակությունը բարձրագույն կրթության արդիականացման գործում։ Նա նշեց, որ Եւրոպական եւ հայաստանյան գործընկեր բուհերի համատեղ աշխատանքի շնորհիվ մշակվել եւ արդեն իրականացվում են նոր մագիստրոսական ծրագրեր, որոնք ապահովում են միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից կրթություն։ Այդ ծրագրերը նպատակ ունեն պատրաստել մասնագետներ, որոնք կարող են արդյունավետ արձագանքել բնապահպանական, տեխնոլոգիական եւ տնտեսական մարտահրավերներին՝ դառնալով գիտելիքով զինված եւ պատասխանատու առաջնորդներ իրենց ոլորտներում։
Համաժողովի ժամանակ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ եւ կայուն ապագայի» նախագծի մասնակից բուհերի ներկայացուցիչները ներկայացրին նախագծի շրջանակում իրականացված աշխատանքները եւ ստացված արդյունքները։ Մասնավորապես, ՀԱԱՀ-ում մշակվել է 2 նոր մագիստրոսական կրթական ծրագիր եւ ՀԱԱՀ հիմնադրամին տրվել է մագիստրոսի կրթական ծրագրով, առկա ուսուցման 1,5 տարի տեւողությամբ՝ 041301.00.7-«Կառավարում» մասնագիտության՝ 041301.42.7-«Կանաչ տնտեսության ռազմավարական կառավարում» եւ 071201.00.7-«Շրջակա միջավայրի պահպանություն» մասնագիտության՝ 071201.05.7-«Կայուն քաղաքներ եւ կանաչ տեխնոլոգիաներ» կրթական ծրագրերով գործունեության թույլտվություն։ Նախագծի շրջանակում վերանայվել է նաեւ առկա ուսուցմամբ Պարենամթերքի տեխնոլոգիա մագիստրոսական ծրագիրը, որոշակի մոդուլներ վերապրոֆիլավորվել են գոյություն ունեցող ուսումնական պլանը ավելի «կանաչ» դարձնելու նպատակով (ավելացել է 4 առարկայական ծրագիր, ընդհանուր 21 կրեդիտ ծավալով)։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաեւ աշխատանքային փաթեթների ղեկավարների հաշվետվությունները, որոնք ընդգրկում էին կարողությունների զարգացման նախաձեռնությունները, կրթության կայուն զարգացման համար ազգային փաստաթղթերի մշակումը, նախագծի որակի ապահովումն ու մշտադիտարկումը, ինչպես նաեւ նախագծի արդյունքների տարածումը, շահագործումն ու իրազեկման բարձրացումը եւ այլն։ Նախագծի ընդհանուր կառավարումն իրականացրել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Եւրասիա միջազգային համալսարանը նախագծի կառավարման համահամակարգողն էր։
Համաժողովին մասնակցում էին նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի Բարձրագույն կրթության եւ գիտության վարչության պետ Անի Վիրաբյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, գործընկեր համալսարանների ռեկտորները, ներկայացուցիչները, ինչպես նաեւ հայաստանյան հաստատությունների եւ միջազգային գործընկեր բուհերի ներկայացուցիչները, այդ թվում՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչները` տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ, «Էրազմուս» ուսանողական ցանց» եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի, Միկոլաս Ռոմերիս համալսարանի (Լիտվա), Յագելոնյան համալսարանի (Լեհաստան) ներկայացուցիչները։
Համաժողովը դարձավ արդյունավետ հարթակ՝ ներկայացնելու նախագծի շրջանակում ձեռք բերված արդյունքները, ամրապնդելու միջազգային համագործակցությունը եւ նախանշելու բարձրագույն կրթության հետագա զարգացման ուղիները։ Նախագիծը նշանակալի ներդրում ունեցավ Հայաստանում ժամանակակից, կանաչ եւ կայուն մագիստրոսական կրթության ձեւավորման գործում՝ նպաստելով ապագայի մարտահրավերներին դիմակայելու ունակ նոր սերնդի մասնագետների պատրաստմանը։

Ֆինանսավորվում է Եւրոպական միության կողմից։ Արտահայտված տեսակետներն ու կարծիքները միայն հեղինակ(ներ)ինն են եւ պարտադիր չէ, որ արտահայտեն Եւրամիության կամ Կրթության եւ մշակույթի եւրոպական գործադիր գործակալության (EACEA) տեսակետներն ու կարծիքները։ Ո´չ Եւրոպական միությունը, ո´չ էլ դրամաշնորհ տրամադրող մարմինը պատասխանատվություն չեն կրում դրանց համար։















