Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Պարույր Էֆենդյանը հետաքրքիր հանդիպում էր նախաձեռնել Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում՝ այնտեղ հրավիրելով Երեւանի պետական հումանիտար քոլեջի իր ուսանողներին:
Պրոֆեսոր Էֆենդյանը քոլեջականներին ծանոթացրեց ամենաարդիական սարքերով ու գործիքներով հագեցած կենտրոնի գործունեությանը եւ ոչ միայն: Նա խոսեց առհասարակ Ագրարային համալսարանում առաջարկվող կրթական տարբեր ծրագրերի, ագրարային մասնագիտությունների կարեւորության եւ երկրի տնտեսության համար դրանց եզակի նշանակության, գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտում մասնագիտական կարիերա անելու հետաքրքիր հեռանկարների մասին: Պատմեց վերջին տարիներին համալսարանում ստեղծված ուսանողակենտրոն միջավայրի, տեխնոլոգիական առաջընթացի ու թվային լուծումների միջոցով ագրարային մասնագիտությունների գործնական ուսուցման գործելակերպերի արմատավորման մասին:
Հումանիտար քոլեջի ուսանողները տպավորված էին եւ շատ դրական արձագանք տվեցին թե պարոն Էֆենդյանի գեղեցիկ ու համոզիչ խոսքին եւ թե կենտրոնում ու համալսարանում իրենց տեսածին: Համալսարանի մասին ավելի ամբողջական պատկերացում կազմելու համար պայմանավորվեցին հաջորդ այցելություններից մեկի ժամանակ (պրոֆեսոր Էֆենդյանի առաջարկով ուսանողները հաճույքով են գալիս մեզ մոտ՝ համալսարան եւ դասերն այստեղ անցկացնում) շարունակել ծանոթությունը համալսարանի հետ՝ տարբեր նորարարական լաբորատորիաների ու ստորաբաժանումների աշխատանքին ծանոթանալու, ուսանողների հետ շփվելու նպատակով: