Ես հաջողել եմ, շարունակիր հաջողությունը․ ոգեշնչող խոսք ՀԱԱՀ կին շրջանավարտներից

Ագրարային համալսարանի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի սրահում այսօր՝ ապրիլի 6-ին փոքր-ինչ նեղվածք էր, փոխարենը՝ արտակարգ եւ առինքնող մթնոլորտ։ Համալսարանի ուսանողուհիները, գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտի կին ձեռներեցներն ու ՀԱԱՀ-ի միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչները մեծ բավականությամբ ու հետաքրքրությամբ ունկնդրեցին համալսարանի հինգ կին շրջանավարտներին, որոնք հաջողել են իրենց մասնագիտական կարիերայում։

«Ես հաջողել եմ, շարունակի´ր հաջողությունը» խորագրով միջոցառումը նախաձեռնել էր Ավստրիական զարգացման գործակալությունը՝ Եվրոպական Միությունից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագծի շրջանակում։ Միջոցառումը, որն իրականացվում էր կանանց միջազգային օրվա համատեքստում, լիովին ծառայեց դրված նպատակին, այն է՝ գյուղատնտեսության ոլորտում հաջողություններ գրանցած ՀԱԱՀ կին շրջանավարտների օրինակով ներկայացնել ագրարային ոլորտում կին մասնագետների դերը եւ նպաստել կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման հարցերում ՀԱԱՀ ուսանողների եւ դասախոսների զգայունակության բարձրացմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ողջունելով ներկաներին, նշեց․«Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից է: ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում նախագիծը խրախուսում է կանանց՝ ավելի շատ եւ ակտիվ մասնակցություն ունենալ գյուղատնտեսական արժեշղթաների բոլոր օղակներում»: Դեսպան Վիկտորինն ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում առաջնորդ կանանց ակտիվությունը պետք է դիտարկել ոչ թե որպես բացառիկ, այլ օրինաչափ երեւույթ, մանավանդ հաշվի առնելով կանանց՝ ավելի ստեղծագործ, հնարամիտ լինելը։ Նա կարեւոր համարեց գյուղատնտեսական արտադրության, կրթության եւ ոլորտի կառավարման համակարգերում կանանց ներգրավվածության ավելացումը։ Գոհունակությամբ նշեց ԵՄ դերը, մասնավորապես, կանաչ տեխնոլոգիաների եւ օրգանական գյուղատնտեսության ոլորտներում հայաստանյան մասնագետների հաջորդ սերնդին անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների փոխանցման գործում։

Ոլորտի կայացած եւ ապագա կին մասնագետներին ջերմորեն ողջունեցին եւ շնորհավորեցին նաեւԱվստրիայի Հանրապետության դեսպանության Տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը եւ Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը միջոցառումը համարեց կանանց նվիրված միամսյակն ամփոփելու շատ լավ առիթ։ «Ագրարային համալսարանի կին շրջանավարտների ասելիքը, իրավամբ, հասունացել է եւ այսօրվա միջոցառումը այդ ասելիքը պոտենցիալ շահակիցներին հասցնելու շատ լավ առիթ է։ Գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտում գործունեություն ծավալած կին ձեռներեցները, բիզնեսի նկատմամբ միայն իրե΄նց հատուկ խելամիտ, պատասխանատու, խնամքոտ վերաբերմունքով եւ դժվարություններ հաղթահարելու կարողականությամբ հասել են ակնառու հաջողությունների։ Նրանց կուտակած յուրօրինակ փորձը պետք է տարածել, հատկապես՝ ոլորտի կին ձեռներեցների հաջորդ սերնդի շրջանում։ Շնորհակալություն Եվրամիության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում նախագծին, որի հետ Ագրարային համալսարանի գործակցությունը, իմ համոզմամբ, օրինակելի է բազմաթիվ առումներով, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտի կին ձեռներեցների ու մասնագետների փորձի տարածման տեսակետից»,- ասաց ռեկտոր Ուռուտյանը եւ բոլոր կին գործընկերներին ջերմորեն շնորհավորեց Ապրիլի 7-ի՝ Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ։

Ողջույնի խոսքերին հաջորդեցին գյուղատնտեսության ոլորտում հաջողությունների հասած ՀԱԱՀ կին շրջանավարտների ոգեշնչող պատմությունները։ Բանախոսներն էին «ՎայնԳոգ» գինիների հիմնադիր Գոհար Ղարիբյանը, Կանաչ արահետ ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, ագրոնոմ Սյուզաննա Հովսեփյանը, ագրոէկոլոգ, «ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ համահիմնադիր Լուսինե Նալբանդյանը եւ ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը։

Բանախոսները պատմեցին իրենց անցած ուղու, խոչընդոտների ու ձեռքբերումների մասին եւ խրախուսեցին ՀԱԱՀ ուսանողներին շարունակել մասնագիտական կարիերան եւ իրենց ներդրումն ունենալ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում։

Որքան էլ տարբեր, առանձնահատուկ ճանապարհ են անցել նրանք, ելույթներից պարզ դարձավ, որ բոլորին միավորում է մասնագիտության նկատմամբ սերը, հարազատ բուհի հանդեպ պատկառանքը, դժվարություններ հաղթահարելու կամքն ու աշխատասիրությունը, նպատակասլացությունն ու իրենց ու իրենց գործը հայաստանյան եւ միջազգային համատեքստում տեսնելու, գնահատելու կարողությունը, անշուշտ՝ նաեւ իրենց կարեւոր ուղերձը Ագրարային համալսարանի այսօրվա ուսանողուհիներին փոխանցելու մեծ ցանկությունը։ Պատահական չէր, որ ուսանողուհիները շատ հարցեր ունեին կայացած մասնագետներին, հարցեր որոնց պատասխանները մոտ ապագայում նրանց օգնելու մեծ ներուժ ունեն։

Քիչ է ասել, թե միջոցառումը հետաքրքիր էր եւ նպատակային․ այն առանձնահատուկ, աննախադեպ էր թե բովանդակային, թե արդյունավետության, եւ թե հուզականության տեսանկյուններից։

Շնորհակալություն մեր շրջանավարտ հինգ հերոսուհիներին եւ գործընկեր կազմակերպությունների պատասխանատուներին՝ Ջինա Սարգիզովային, Էմմա Պետրոսյանին, Լիլիթ Քոչինյանին, Վադիմ Ուզունյանին եւ ՀԱԱՀ Որակի գնահատման ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանին՝ գործադրած կազմակերպչական նպատակային ջանքերի համար։