Գիտխորհուրդ․ 2026-ը՝ որակի բարձրացման տարի․ արդյունքահենք գիտություն․ ՀԱԱՀ-ն երկու նոր դոցենտ ունի

Հունվարի 19-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Նիստի օրակարգային հարցերից առաջ ռեկտորը նախ անդրադարձավ համալսարանի մեծ օրակարգին՝ 2026 թվականը հայտարարելով որակի բարձրացման տարի։ «Սա անընդհատ գործընթաց է, որը, ի թիվս կարեւոր այլ քայլերի, նաեւ ենթադրում է խոցելի տեղերի բացահայտումն ու դրանց հասցեավորումը։ Ոլորտի բարձրագույն կրթության մենաշնորհը ամենեւին թուլանալու առիթ չպետք է դառնա»,- ասաց պարոն Զաքոյանը՝ հավելելով, որ մասնավորապես աշխատակիցների խրախուսման կանոնակարգի նախագիծը հնարավորինս շուտ պետք է շրջանառության մեջ դնել եւ գործարկել։

Գիտական խորհրդի՝ 2025-2026 ուստարվա առաջին կիսամյակում կայացած նիստերի հանձնարարականների եւ որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցումով հանդես եկավ գիտական քարտուղար Գայանե Ավագյանը։ Զեկուցումից պարզ դարձավ, որ ընդհանուր առմամբ, այս առումով վիճակը բարվոք է։

Նիստի օրակարգում էր դոցենտի գիտական կոչում շնորհելու մրցույթը, որից առաջ երկու հավակնորդներին ներկայացրեց Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը։ Հարդյունս փակ գաղտնի քվեարկության, գիտխորհուրդը Գեւորգ Գեւորգյանին եւ Հրաչյա Գրիգորյանին ձայների 45-ական կողմ եւ մեկական դեմ հարաբերակցությամբ շնորհեց դոցենտի կոչում։ Ռեկտոր Զաքոյանը շնորհավորեց նորընտիր դոցենտներին։

Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման ծրագրերի շրջանակներում ՀԱԱՀ գիտական կազմակերպությունների ու ստորաբաժանումների՝ 2025 թ. ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունների քննարկումից առաջ ռեկտոր Զաքոյանը զեկուցողներին հորդորեց հիմնականում կանգ առնել ստեղծված գիտական արդյունքների եւ հրապարակված գիտական հոդվածներում արծարծված գլխավոր մտքերի վրա։

Գիտխորհուրդը քննարկեց եւ ընդունեց Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոնի (զեկուցող՝ տնօրենի պաշտոնակատար Գարուշ Սամվելյան), Գյուղատնտեսության մեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի (զեկուցողներ՝ բաժնի վարիչներ Արթուր Ալթունյան, Արման Սիմոնյան) Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի (զեկուցողներ՝ բաժնի վարիչներ Աստղիկ Փեփոյան, Նարինե Հովհաննիսյան), Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի եւ կերակրման հետազոտական կենտրոնի (զեկուցող՝ Դավիթ Նավասարդյան), Ագրարային քաղաքականության եւ տնտեսագիտության հետազոտական կենտրոնի (զեկուցող՝ տնօրեն Աշոտ Ոսկանյան) եւ Անասնաբուժության եւ անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոնի (զեկուցող՝ տնօրեն Լիանա Գրիգորյան) 2025 թ․ գործունեության հաշվետվությունները։

Տարվա ընթացքում մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ Ուսումնասիրվել են նոր, հեռանկարային մշակաձեւեր (սորտեր), վաճառվել են հազարավոր արմատակալներ, ստեղծվել-փորձարկվել-ցուցադրվել են կենսաէներգետիկ տեղակայանքներ, դաշտային մեքենասարքավորումներ, ընթացքի մեջ են բազմագործառութային ինքնագնաց հենասարքի ստեղծման աշխատանքները, առաջարկվել են ճանապարհափողոցային ցանցի երթեւեկության ինտենսիվության գնահատման եւ ՃՏՊ-ների ժամանակ արագ տեղհանման՝ բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական էական օգուտներ բերող շատ ուշագրավ լուծումներ (պարոն Թովմասյանն առաջարկեց այս առումով առարկայորեն աշխատել քաղաքապետարանի հետ, իսկ պարոն Զաքոյանն ասաց, որ արդյունքը ակնհայտ է եւ արտահայտեց համագործակցելու՝ համալսարանի պատրաստակամությունը)։ Էական ձեռքբերում են մեր սննդագետ-կենսատեխնոլոգների ստեղծած եզակի գիտական արդյունքների (որոնք վերաբերում են մարդու առողջության համար օգտակար նորահայտ բակտերիաներին) միջազգայնացումը, մեր գիտնականների տարիների ջանքերի շնորհիվ ավանդական տնտեսությունը մթերատվության աննախադեպ մակարդակի հասցնելը եւ պաշտոնապես տոհմային կարգավիճակ ստանալը (ի դեպ, Գյուղկենդանիների սելեկցիայի, գենետիկայի եւ կերակրման ՀԿ տնօրեն պրոֆեսոր Յուրի Մարմարյանը դեկաններին հորդորեց ավելի շատ ուսանողներ ուղարկել տնտեսություն), իսկ ագրոտնտեսագետների ուսումնասիրություններն ու առաջարկությունները՝ կապված մրցունակության եւ մի շարք հիմնական մթերքների գծով ինքնաբավության բարձրացման հետ, ինչպես նաեւ նրանց առաջարկած նորարարական տեխնոլոգիաների տարածման մատրիցան, Արմավիրի մարզի համար նորարարական կլաստերը եւ այլն, վստահաբար համապիտանի արժեք ունեն բոլոր շահակիցների, այդ թվում որոշում կայացնողների համար։ Դրական տեղաշարժն ակնհայտ է նաեւ գիտական ստորաբաժանումներում երիտասարդ մասնագետների ներգրավման ընդլայնման հարցում։

Ռեկտոր Զաքոյանի դիտարկումներն առնչվում էին գլխավորապես ստեղծված մեքենասարքավորումների  եւ տեխնոլոգիաների դաշտային փորձարկումների արդյունավետության բարձրացմանը, դրանցում համալսարանի ՈՒՓՏ-ների ավելի ինտենսիվ ընդգրկմանը (դրանք պետք է դառնան «ուսումնահետազոտական եւ ցուցադրական հզոր բազա» ֆերմերային տնտեսությունների համար), սննդի տեխնոլոգ եւ տնտեսագետ գործընկերների ներհամալսարանական համագործակցության բարելավմանը։