Գիտխորհուրդը դոցենտի գիտական կոչում շնորհեց եւ ընտրեց ամբիոնի վարիչների

Գիտական խորհրդի երեկվա՝ մայիսի 31-ի հերթական նիստը, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, քննարկեց դոցենտի գիտական կոչում շնորհելու վերաբերյալ հարցը, իսկ օրակարգային երկրորդ հարցով կազմակերպվեց ամբիոնի վարիչի թափուր պաշտոնների մրցույթ՝ այս տարվա ապրիլի 28-ի հայտարարության համաձայն։

Երկու հարցերով էլ զեկուցումով հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը՝ ներկայացնելով դոցենտի գիտական կոչմանը հավակնող երկու եւ ամբիոնի վարիչի չորս թափուր պաշտոններին հավակնող հինգ թեկնածուների կենսագրական տվյալները։ Վերջիններն այնուհետեւ հանդես եկան ամբիոնների զարգացման իրենց ծրագրերով ու տեսլականներով, պատասխանեցին գիտխորհրդի անդամների հարցերին։ Ընդսմին, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնին հավակնում էր երկու թեկնածու։

Տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքները ներկայացրեց գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Հրաչյա Ծպնեցյանը։ Քվեարկությունից պարզ դարձավ, որ Մերի Նաջարյանը («Պատմագիտություն» մասնագիտություն) եւ Արմինե Ղազարյանը («Կենդանաբանություն, մակաբուծություն, էկոլոգիա» մասնագիտություն) ձայների ճնշող մեծամասնությամբ արժանացել են դոցենտի գիտական կոչում։

Քվեարկության համանման պատկեր ստացվեց նաեւ ամբիոնի վարիչի պաշտոններին հավակնող թեկածուների պարագայում․ ձայների բացարձակ առավելությամբ Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ ընտրվեց քիմ․ գիտ․ դոկտոր, դոցենտ Լուսինե Հարությունյանը, Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի ամբիոնի վարիչ՝ ֆիզմաթ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Աղավարտ Խաչատրյանը, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ՝ գյուղ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը՝ մրցույթում հաղթելով տեխ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Հայկ Ղազարյանին եւ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արման Հարությունյանը:

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհավորեց ընտրված գործընկերներին եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք։ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի առումով ռեկտորը ուրախալի համարեց բնականոն սերնդափոխության համգամանքը՝ շնորհակալություն հայտնելով ամբիոնի նախկին վարիչ Աշոտ Ոսկանյանին երկարամյա նվիրված աշխատանքի համար եւ շնորհավորելով նրան ծննդյան 70-ամյակի առթիվ։

Գիտխորհրդի նիստն ավարտելուց առաջ ռեկտոր Ուռուտյանն ուրախալի լուր հաղորդեց․ համալսարանի Ռոբոտատեխնիկայի եւ մեխատրոնիկայի հետազոտական կենտրոնի ստեղծման ծրագրի ֆինանսավորումը վերջնական հաստատում է ստացել։