Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ․ Շատ արագ հնանում են մեր հաշվետվությունների թվերը․ Անդրեաս Մելիքյան

ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի գիտատեխնիկական խորհրդի՝ դեկտեմբերի 5-ի հերթական նիստը նախագահող տնօրենի պաշտոնակատար, գ.գ.դ., պրոֆեսոր Անդրեաս Մելիքյանը նշեց, որ կենտրոնի հաշվետվությունների թվերը արագ են հնանում։ Եւ դա հրաշալի է ու խոսուն: Նշանակում է կենտրոնն աշխատում է, կենսունակ է, հարաճուն՝ գիտական ձեռքբերումների իմաստով:

Առաջին մասնաշենքի ընթերցասրահում տեղի ունեցող հաշվետու նիստին մասնակցում էր ամբողջ գիտական աշխատակազմը: Բաժինների վարիչների շատ հանգամանալից հաշվետվությունները լսելուց հետո, իսկապես կարելի էր զարմանալ, թե ինչ ահռելի-արդյունավետ աշխատանք են կատարել մեր գիտնականները: Հոդվածներ՝ Q1, Q2, Q3 գիտական հանդեսներում (ընդ սմին, տպագրվածների ռեկորդային թվերը փոփոխվում են շատ արագ), աշխուժորեն մասնակցում են միջազգային գիտաժողովների, համագործակցում են սփյուռքահայ գործընկերների հետ, դրամաշնորհային ծրագրեր են մշակում՝ որը թվես: Մի կարեւոր հանգամանք եւս, բոլոր զեկույցներից ակնհայտ էր դառնում, որ ստորաբաժանումների միջեւ կապը փոխադարձաբար շահեկան է, գործուն: Միմյանց աջակցող համախոհների կուռ թիմ է ձեւավորվել այստեղ:

Բաժինների վարիչները հաշվետվությունները ներկայացնում էին սահիկների ուղեկցությամբ, որոնց շնորհիվ տեսանելի էին դառնում ուսումնասիրությունների արդյունքները՝ շոշափելի, կարեւոր.

-Մեր հետազոտությունների նպատակը մեկը պետք է լինի, որ վերջնարդյունքները հասնեն ագարակատերերին եւ նրանց համար օգտակար լինեն,- ասում է պրոֆեսոր Մելիքյանը:

Ի՞նչ տարեկան հաշվետվություն առանց խնդիրները վերհանելու: Դրանք հիմնականում կապված էին հաստիքները գեթ 1-2-ով ընդլայնելու, երիտասարդ մասնագետներով համալրման, նորագույն սարքավորումներ գնելու հետ: Բոլորն էլ ժամանակի ընթացքում լուծելի են:

Պրոֆեսոր Մերուժան Գալստյանի համոզմամբ իրենց հաջողությունների բանաձեւը շատ հստակ է՝ այստեղ բարձր մասնագիտական-արհեստավարժ-ներդաշնակ եւ սիրով լեցուն աշխատանք է կատարվում, երիտասարդները լիովին օգտագործում են ՏՏ ընձեռած հնարավորությունները, շատերը փայլուն գիտեն անգլերեն: Ավագներն իրենց ահռելի փորձով, երիտասարդներին իրենց ժամանակակից հնարավորություններով իրար փոխլրացնում են: Սա մի վիճակ է, որ խորհրդային հայտնի երգը փոփոխելով կարող ենք ասել՝ ավագները գիտեն, երիտասարդները կարող են: