Ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրատուրայի Օրգանական գյուղատնտեսություն կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Մարիա Կրտիկաշյանը, օգտվելով պետության համար առաջնային մասնագիտություններով սովորող ուսանողների համար սահմանված արտոնությունից, առաջին կիսամյակում ստանում էր 70 հազար դրամ կրթաթոշակ։ Հունվարյան քննաշրջանից հետո, բարձր ՄՈԳ-ի շնորհիվ Մարիայի կրթաթոշակը ավելացել է 10 տոկոսով՝ կազմելով 77 000 դրամ: Հաճելի է, օրինակելի…
Մարիա Կրտիկաշյանի՝ Ագրարային համալսարանում հայտնվելն առաջին հայացքից կատարյալ եւ մեծ պատահականություն էր: Չայկովսկու անվան երաժտական դպրոցի դաշնամուրի բաժինն ավարտելուց հետո պատրաստվում էր բժիշկ դառնալ եւ… ճանապարհը նրան բերեց Ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետ: Հենց առաջին կուրսից ակնհայտ էր, որ խելացի, ճշտապահ, նպատակասլաց ուսանողուհուն հետաքրքիր եւ լայն ճանապարհ-ապագա է սպասվում:
Բուհն էլ, լավագույններին աջակցելու ձեւավորված ավանդույթի եւ սկզբունքների համաձայն՝ հնարավորություն ընձեռեց, որ ուսանողուհին փոխանակման ծրագրով եռամսյա փորձուսուցման մասնակցի Պորտուգալիայում, իսկ Ֆրանսիայում գյուղատնտեսական մրցույթ-փառատոնի միակ մասնակիցն էր, որ արժանիորեն ներկայացնում էր Հայաստանը:
Մարիան բակալավրիատին զուգահեռ սովորեց եւ ավարտեց EVN գինու ակադեմիան:
Հիմա սովորում է մագիստրատուրայում․ օրգանական գյուղատնտեսություն-խաղողագործություն շղթան հաջողությամբ փորձում է լրացնել-շաղախել դրա ավարտական՝ գինեգործության փուլով: Մագիստրոսական թեման նվիրված է ՀՀ ներկրված խաղողի ֆրանսիական մշակաձեւերին. ինչպես են հարմարվում նոր պայմաններին, ինչ գինի է ստացվում եւ դրանց զուգահեռները-համեմատությունը տեղականի հետ:
Սիրով-նվիրումով է ուսումնասիրում թեման: Մտորում է, որ իր գործունեությունը այսուհետ եւ միշտ պետք է միտված լինի հայոց՝ հազարամյակների պատմություն ունեցող խաղողագործության եւ գինեգործության հանրահռչակմանը, ավելի ու ավելի ճանաչելի դարձնելուն: Սա պետք է համակարգված-անդադար-անձանձրույթ-ջանքատար, բայց հաճելի գործընթաց լինի:
-Ագրարայինում անցած իմ ուղին այնքան հարուստ ու քաղցր է, որ անվերջ ու մեծ երջանկությամբ կարող եմ պատմել ու պատմել դրա մասին… Այդ ճանապարհը իմ ձեւավորվելու, իմ երազանքների ծնվելու, իմ ուժը ճանաչելու ճանապարհն է։ Այնքան հիշողություններ, պայքար, անքուն գիշերներ եմ անցկացրել, մեծ ու փոքր հաղթանակներ եմ տարել, որ դրանց մասին խոսելիս սիրտս լցվում է միաժամանակ հպարտությամբ, երախտագիտությամբ ու խոր երջանկությամբ։ Իսկ լավագույն հաջողությունները եւ պահերը դեռ առջեւում են։ Ամեն օր ավելի եմ ուժեղանում, առաջ գնում, քայլ առ քայլ հաստատելով իմ ճանապարհը։ Ի գործ՝ ի սեր Հայաստան աշխարհիս,- ասում է Մարիան։
Մարիան հիմա փորձում է հիմնել իր արտադրությունը՝ խաղողից մինչեւ գինի ու շշալցում: Բարի ընթացք մաղթենք:










