Այսօր՝ փետրվարի 23-ին, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ներկայությամբ կայացավ ՀԱԱՀ Գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիայի բացումը: Նրանք ողջունեցին եւ շնորհավորեցին Ագրարային համալսարանի ուսանողական եւ դասախոսական հանրույթին՝ հերթական նորարարական ենթակառույցի շահագործման առթիվ:
Նախարար Դումանյանը մասնավորապես բարձր գնահատեց թե այս եւ թե Ագրարային համալսարանում շարք մտած այլ լաբորատորիաների դերը մեր երկրում ագրարային կրթության զարգացման տեսակետից: «Իմ ցանկությունն է, որ մեր երիտասարդները հավատով եւ վստահությամբ նախապատվություն տան ագրարային մասնագիտություններին եւ լրջորեն զբաղվեն ագրարային ոլորտի զարգացմամբ», – ասաց պարոն Դումանյանը՝ հավելելով, որ նման ենթակառույցների անհրաժեշտությունը կա նաեւ քոլեջներում:
«ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը նշեց, որ ֆեդերացիայի եւ Ագրարային համալսարանի համագործակցությունը հարուստ պատմություն ունի: Միանալով այս լաբորատորիան ստեղծելու նախաձեռնությանը, ֆեդերացիայում վստահ են, որ այն կնպաստի պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստմանը եւ առհասարակ կխթանի ոլորտում փոքր արտադրություններ հիմնելու գործը:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ նորարար մտքի ջատագով ԱԿԲԱ ֆեդերացիային եւ հին ու փորձված գործընկեր Երեւանի գարեջուր ՓԲԸ-ին՝ գաղափարակից կազմակերպություններ, որոնց ֆինանսական աջակցությամբ կատարվել է լաբորատորիայի եւ կից տարածքի վերանորոգում եւ կահավորում, ձեռք են բերվել գարեջրի թորման հոսքագիծ, այլ անհրաժեշտ սարքավորումներ եւ գործիքներ։ Նա նորարարական այս հերթական լաբորատորիայի բացումը համարեց սոցիալական գործընկերության եւ կորպորատիվ պատասխանատվության, մասնավոր հատվածի հետ գործակցության լավագույն օրինակ, որ նպաստում է մրցունակ կրթության եւ ուսանողակենտրոն միջավայրի ձեւավորմանը: Ի նշան երախտագիտության եւ հիշարժան օրվա, պարոն Ուռուտյանը նաեւ շնորհակալագրեր, խորհրդանշական հուշանվերներ եւ «Սերունդ» գինիներ հանձնեց գործընկեր կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես նաեւ գարեջրի հեղինակ, ՀԱԱՀ շրջանավարտ Արեն Զարգարյանին եւ մեկ այլ շրջանավարտ Խաչիկ Ծպնեցյանին, որի ջանքերով սարքավորումներն արտերկրից հասել են Հայաստան:
Գործընկերներն էլ կտրեցին ավանդական կարմիր ժապավենը: Շրջայցը միայն Գարեջրագործության եւ թորման լաբորատորիայով, համտեսն էլ միայն համեղ, յուրօրինակ գարեջրով չսահմանափակվեցին. հարեւանությամբ գտնվող Հացի, հրուշակագործության եւ շոկոլադագործության լաբորատորիայի բազմազան ու անուշահամ արտադրատեսակները «նորաթուխ», դեռ անվանում չունեցող գարեջրի լավագույն հավելումը եղան:
Այս լաբորատորիայով Ագրարային համալսարանում ընդհանուր առմամբ ուսումնական, հետազոտական ու արտադրական ուղղվածության նորարարական ենթակառույցների շղթան մոտենում է իր լրմանը: Այն ծառայում է ոչ միայն ՀԱԱՀ ուսանողների՝ ուսումնական պլաններով նախատեսված գործնական գիտելիքների ու հմտությունների յուրացման նպատակին, այլեւ վերապատրաստման կարճաժամկետ ծրագրերի միջոցով մասնագիտական որակավորման լավագույն հնարավորություններ է ընձեռում ոլորտում գործող մասնագետներին, տնայնագործներին, շահառուների այլ խմբերի: