Սիսիանի մասնաճյուղում շարունակվում են Արցախից տեղահանվածների համար նախատեսված գյուղատնտեսության տարբեր թեմաներով դասընթացները։
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում հերթական գործնական դասընթացի թեման էր՝ «Կաթի եւ կաթնամթերքի արտադրության կազմակերպում»։ Այն անցկացվեց «Մանվել Ամիրխանյան» ԱՁ-ում (որը տեղական շուկայում հայտնի է Մերի Կաթ ապրանքանիշով)։
Դասընթացավարը մասնաճյուղի լաբորատորիայի վարիչ, կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգ Վերգինե Ավագյանն էր, որը հատուկ ջանադրությամբ եւ մեծ սիրով ներկայացրեց մասնակիցներին տիպային արտադրամասի չափորոշիչները եւ բացատրեց կաթի ընդունումից մինչեւ պատրաստի արտադրանքի ստացումն ընկած բոլոր տեխնոլոգիական գործընթացները։
Տիկին Ավագյանը հատկացված ժամանակի ընթացքում իր մասնագիտական գիտելիքներն առավելագույնս փոխանցեց դասընթացի մասնակիցներին։ Ընդ որում մասնակիցները հասու դարձան նաեւ սեփական փոքրիկ արտադրամասը հիմնելու համար անհրաժեշտ պայմաններին ու սարքավորումներին։
Ինչպես եւ նախորդ դասընթացների պարագայում, Արցախից տեղահանված մեր հայրենակիցները շատ գոհ եւ ոգեւորված էին դասընթացից։ Դասընթացավարն էլ իր պատրաստակամությունը հայտնեց մասնագիտական եւ կազմակերպչական խորհրդատվություն մատուցելու սեփական արտադրամասը հիմնել ցանկացողներին։