Շաբաթ օրը՝ հունիսի 25-ին համալսարանի շքասրահում անսովոր եռուզեռ ու ոգեւորություն էր։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 42 թիմեր՝ շուրջ 200 սաներով՝ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից եւ Ջավախքից, հավաքվել էին Ճարտարագիտական մոդելավորման 3-րդ մրցույթին՝ ցուցադրելու իրենց հմտությունները։ ԱՏՁՄ-ի այս մասշտաբային միջոցառման նպատակը ճարտարագիտական մտքի զարգացումն ու թիմային աշխատանքի ոգու սերմանումն էր։
Երեխաներին ջերմորեն ընդունեց եւ մրցույթում ու հետագա մասնագիտական կյանքում հաջողություն մաղթեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Արմաթցիներին ջերմորեն ողջունեց նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, Սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։
Հետաքրքիր, գրավիչ ու բավականին թեժ մրցակցություն էր ծավալվել չորս անվանակարգերում՝ «Ամրակայուն կամուրջներ», «Արդյունավետ ռեդուկտոր», «Էներգաարդյունավետ հողմաղաց» եւ «Սեյսմակայուն շենք»։ Երեխաները նախօրոք ստացել էին խնդիրները եւ դրանց լուծման չափորոշիչները։
Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցից Գագիկի ու Տիգրանի պատրաստած կամուրջը դիմացավ 42 կգ ծանրությանը։ Իսկ ահա գոգարանցի փոքրիկ Անին ավելի զարմացրեց ժյուրիին եւ հանդիսատեսներին իր ռեկորդով՝ 80,5 կգ։ Տպավորիչ էին նաեւ երեխաների ցուցաբերած կարողությունները մյուս անվանակարգերում։ Կասկած չկա, որ այս երեխաները վաղն ավելի մեծ հաջողությունների են հասնելու։
Կազմակերպիչները Ագրարային համալսարանն այս տարի ընտրել էին որպես մրցույթի վայր՝ նաեւ նպատակ հետապնդելով հիմնական դպրոցների աշակերտներին ծանոթացնել Ագրարային համալսարանի՝ վերջին տարիներին շարք մտած տեխնոլոգիական բազմաթիվ ենթակառույցներին եւ այստեղ ապագայում մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություններին։ Այս անգամ Արմաթի սաներն այցելեցին նորարարական լաբորատորիաներից եւ կենտրոններից մի քանիսը։
Հայաստանում (այդ թվում Արցախում), Վրաստանում եւ Հնդկաստանում ներկայում գործում են 626 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ անվճար ճարտարագիտական կրթություն է ստանում 10-18 տարեկան ավելի քան 17 հազար երեխա։