Արդեն ավանդական դարձած էրազմուսյան օրեր

Միջազգային կապերի դեպարտամենտը դոցենտ Գարեգին Համբարձումյանի ղեկավարությամբ ամեն տարի հոկտեմբերյան այս ժամանակաշրջանում անցկացնում են Էրազմուսյան օրեր: Թիրախում առաջինկուրսեցիներն են: Այսօր, հոկտեմբերի 13-ին հրավիրված էին բոլորը, բացի տնտեսագիտության եւ ագրոբիզնեսի ֆակուլտետի սաներից: Նրանց հետ հանդիպումը կկայանա վաղը:

Նպատակը՝ նոր համալրմանը իրազեկել, ներկայացնել գործընկեր համալսարանների մեծ աշխարհագրությունը, փոխանակման ծրագրերին դիմելու, մրցույթին մասնակցելու կարգն ու հնարավորությունները: Միշտ տեղեկացված լինելու համացանցային հասցեները:

Ինչպես նշեց դեպարտամենտի աշխատակցուհի Սուսաննա Հայրապետյանը, մեր բուհի համագործակցության ծրագրերին կարող է դիմել առաջին կուրսն ավարտած ցանկացած ոք (ավարտական կուրսերում սովորողները չեն կարող), որի  անգլերենի իմացությունը բավարար է: Ի դեպ, հենց հիմա արդեն ուսանողները կարող են աշխատել այդ ուղղությամբ, հատկապես, որ ICARE հիմնադրամը այսօրվանից սկսում է անգլերենի անվճար դասընթացներ:

Անմիջական, անկաշկանդ զրույցը դեպարտամենտի պետն ավարտեց հորդորով.

-Բարելավեք անգլերենի իմացության մակարդակը մայրենի լեզվի ամուր հիմքերի վրա: Քաջատեղյակ եղեք հայոց պատմության, մշակույթի մասին, որովհետեւ դուք լինելու եք մեր դեսպանները: Իսկ հարցեր ունենալու դեպքում կարող եք գրել ֆեյսբուքյան հասցեով կամ գալ դեպարտամենտ՝ առաջին մասնաշենք, առաջին հարկ: