Այսօր՝ հուլիսի 9-ին ՀԱԱՀ-ի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ինը տասնյակ շրջանավարտներ տնօրեն Արաքս Հակոբյանից եւ փոխտնօրեն Ալինա Խաչատրյանից հանդիսավորապես ստացան իրենց ավարտական վկայականները: Անմիջապես նշենք, որ շրջանավարտների կեսից ավելին ուսումը շարունակելու համար դիմել են Ագրարային համալսարանի տարբեր ֆակուլտետներ:
Ողջունելով հասուն կյանք ոտք դնող վարժարանականներին, տիկին Հակոբյանը, հաջողության ավանդական մաղթանքների հետ մեկ կարեւոր ուղերձ ուներ. «Այս պահին պետք է արձանագրենք, որ ձեզ հետ միասին մենք ոտք ենք դրել մի դարաշրջան, երբ պետք է կարողանանք համազգային պարտությունն ու մարտահրավերը հիմք դարձնել վաղվա համազգային հաղթանակի համար. սա է մեր ժամանակների հրամայականն ու ձեր սերնդի հիմնական գործը»:
Տասներկուերորդ դասարանների տղաների մի մասն արդեն համալրել է Ազգային բանակի շարքերը, շատերն էլ օրեր անց կհամալրեն: Շատերն անցել են միասնական քննությունները եւ կստանան իրենց նախընտրած բուհական կրթությունը, ոմանք նախատեսել են միանալ հեռակա համակարգին, հիմնականում՝ Ագրարային համալսարանի, ընդ որում վերջիններս արդեն լավ կապեր են հաստատել համալսարանի Ընդունող հանձնաժողովի եւ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության աշխատակիցների հետ, որոնք ուղղորդում-օգնում են իրենց: Ունենք նաեւ փայլուն գնահատականներով մեր համալսարանի Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների եւ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետներ արդեն ընդունված վարժարանցիներ:
Համալսարան եկողները հստակ պատկերացում ունեն, թե ուր են գնում եւ հանուն ինչի: Վարժարանի ղեկավարությունը եւ մանկավարժները մեծ աշխատանք են կատարել ոչ միայն նրանց գիտելիքներով զինելու, այլեւ նրանց մասնագիտական ճիշտ կողմնորոշումն ապահովելու ուղղությամբ: Մյուս կողմից, համալսարանի պատասխանատուները կարողացել են ճշգրտորեն վարժարանի սաներին նեկայացնել տարբեր մասնագիտությունների «հմայքներն» ու հեռանկարները մասնագիտական աշխատաշուկայում: Դատելով ապագա տնտեսագետ վարժարանցիների տեսակարար կշռից՝ տեղին է բերել Ագրոբիզնեսի եւ տնեսագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի օրինակը:
Երեխաները ակնհայտորեն դժվարությամբ են բաժանվում սիրելի ուսուցիչներից եւ տնօրենից, խոստանում վերադառնալ հարազատ կրթօջախ: