Ավարտական արարողություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի եւ Գինու ակադեմիայի շրջանավարտների պատվին

Հուլիսի 4-ին Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի Զաբել Եսայան Ագրոբիզնեսի Կենտրոնում կայացավ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի դեպարտամենտի (Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն) եւ ICARE հիմնադրամի Ի-Վի-Էն գինու ակադեմիայի այս տարվա շրջանավարտներին նվիրված ավարտական արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էր ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, որը շնորհավորանքի եւ մաղթանքների ջերմ ուղերձ հղեց շրջանավարտներին։ Իրենց սրտի խոսքն ասացին նաեւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ, ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչ Ամալյա Իսկանդարյանը, հատուկ այս առիթով ԱՄՆ-ից եւ Գերմանիայից ժամանած՝ ICARE հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ դոկտ․ Ալեքսան Շանոյանն ու Գայզենհայմի համալսարանի Գինու էկոնոմիկայի ծրագրի ղեկավար դոկտ․ Յոն Հանֆը, ինչպես նաեւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի Ճշգրիտ գյուղատնտեսության դասախոս Ստեփան Խաչատրյանը։ ԱՈՒԿ-ի եւ Գինու ակադեմիայի շրջանավարտ կուրսերից Նազելի Իսկանդարյանը եւ Սիլվա Մանուկյանը հանդես եկան համակուրսեցիների անունից։ Շնորհավորանքի ջերմ խոսքեր ուղղելով ընկերներին, նրանք նաեւ շնորհակալություն հայտնեցին Ագրարային համալսարանին եւ բոլոր աջակից կողմերին՝ իրենց ստացած բարձրակարգ, միջազգայնորեն մրցունակ կրթության համար։