Տավուշի մարզի Դիլիջանի եւ Իջեւանի ավագ դպրոցները «Ագրոտեխնոլոգիաներ» դասընթացը, առայժմ խմբակների տեսքով, ներդրած 11 դպրոցների թվում են (մնացած 9-ը Սյունիքում են)։ Երկու դպրոցների 10-11-րդ դասարանների 45 աշակերտներ, տնօրենների եւ ուսուցիչների ուղեկցությամբ երեկ՝ հոկտեմբերի 18-ին առաջին անգամ այցելել էին Ագրարային համալսարան։
Գյուղատնտեսության եւ ագրոտեխնոլոգիաների այբուբենի յուրացումը սկսած տավուշցի դպրոցականների համար սպասվում էր հագեցած, հետաքրքիր ու օգտակար օր, որը սկսվեց ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի՝ համալսարանի առաջարկած կրթական ծրագրերի, ուսումնահետազոտական արդիական հնարավորությունների, աշխատաշուկայում բարձր պահանջարկ ունեցող ագրարային մասնագիտությունների մասին ներկայացմամբ։
Պատանի տավուշցիներին եւ մանկավարժներին ջերմորեն ողջունեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նա նշեց, որ տեխնոլոգիական առաջընթացը մեծապես վերաբերում է նաեւ գյուղատնտեսությանը, որն արմատական վերափոխման փուլում է․ գյուղատնտեսության մեջ այսօր օգտագործվում են անօդաչու սարքեր, տվիչներ, իրերի համացանց, արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում եւ այլ գործիքներ, որոնք լուծում են երկրի համար կարեւոր պարենային անվտանգության խնդիրներ։
«Այս համատեքստում դուք եւ ձեր ծնողներն ու մանկավարժները պետք է իմանաք, որ ագրարայինից ագրոտեխնոլոգիականի վերափոխվող համալսարանի գերարդիական ենթակառույցները, հիմնավորապես փոխված ուսումնական պլանները, վերապատրաստված դասախոսների մասնագիտական մակարդակը համապատասխանում են արեւմտաեւրոպական եւ ամերիկյան չափորոշիչներին։ Այսօրվա շրջայցի եւ վարպետաց դասերի միջոցով դուք կծանոթանաք այնպիսի կրթական եւ հետազոտական գործիքակազմի, որին տիրապետող մասնագետը աշխատաշուկայում վստահաբար կունենա արժանապատիվ աշխատավարձով մասնագիտական աշխատանք։ Եվ դպրոցներում «Ագրոտեխնոլոգիաներ» դասընթացը կազմակերպված է՝ հենց ապագայի անխուսափելի զարգացումներին ընդառաջ», – դպրոցականններին ուղղված իր խոսքում մասնավորապես ասաց ռեկտոր Ուռուտյանը։
Ռեկտորը տեղեկացրեց, որ «Ագրոտեխնոլոգիաներ» դասընթացի ներդրման փորձնական ծրագրից հետո, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կներկայացվեն առաջարկներ եռամյա դասընթացի կրեդիտները Ագրարային համալսարան փոխանցելու եւ որպես ընդունելության քննություն հաշվի առնելու վերաբերյալ։
ՀԱԱՀ ռեկտորը համագործակցության հուշագրեր ստորագրեց Իջեւանի ավագ դպրոցի տնօրեն Գայանե Էդիլյանի եւ Դիլիջանի ավագ դպրոցի տնօրեն Արա Արամյանի հետ։ Հուշագրերով ամրագրվեց համալսարանի եւ նշյալ դպրոցների միջեւ գործակցության շրջանակը։
Այնուհետեւ դպրոցականները, խմբերի բաժանվելով, ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ, այցելեցին Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, Գարեջրի եւ խմորման, Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիաներ, Ագրոէկոլոգիայի ներաստեղծ լաբորատորիա, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոն, ջերմատուն, անասնաբուժական կլինիկա։
Հիշարժան վարպետաց դաս անցկացվեց Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում, որտեղից երեխաները դուրս եկան սեփական ձեռքով պատրաստած շոկոլոդի սալիկներով։ Ընդհանրապես նրանց հանդիպումն Ագրարայինի հետ հիշարժան էր, հետաքրքիր, շատ առումներով՝ անսպասելի ու ոգեւորիչ բացահայտումներով լի։ Չէր կարելի չնկատել դպրոցականների եւ մանկավարժների արտակարգ հետաքրքրվածությունը․ այս խմբում չերեւաց ոչ մի անտարբեր դեմք։ Այսպիսի աշակերտներով ու մանկավարժներով վստահաբար կարելի է ակնկալել «ագրոդասարանների» հաջողությունը։
- 19/10/2023
- 2023