Աջակցում ենք մարզերի զարգացմանը. Այսուհետ հողի «ձայնը» լսելի ու հասկացված կլինի

Ագրարայինը կրթություն-գիտություն-արտադրող ամուր-անքակտելի կապի ջատագովն ու երեշխավորն է եղել միշտ: Եւ այս առաքելությունն են իրականացնում բոլոր ստորաբաժանումներում, բոլոր՝ մեծ ու փոքր օղակներում:

Այսօր, մարտի 17-ին օրգանական գյուղատնտեսության լաբորատորիա էին այցելել Վանաձորի մասնաճյուղի, Շիրակի եւ Նոյեմբերյանի գյուղատնտեսական քոլեջների աշխատակցուհիները: Համալսարանի աջակցությամբ հիշյալ հաստատություններում հիմնվել են հողի անալիզի լաբորատորիաներ, որոնք ծառայություններ կմատուցեն տեղում՝ տնտեսավարողներին:

ՀԱԱՀ  օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայի պատասխանատու, գ.գ.թ. Լուսինե Երիցյանը գործընկերներին մանրամասն-հանգամանորեն ներկայացրեց սարքավորումները, աշխատելու կարգն ու սկզբունքները, հաշվարկները կատարելու մեխանիզմները: Ամեն բաղադրիչ ներկայացնելուց հետո տիկին Երիցյանը սիրալիր շեշտում էր.

– Անպատճառ կտամ՝ ինքնուրույն կկատարեք:

Մեր հյուրերը աչալուրջ հետեւում-սովորում-գրի էին առնում տեսածն ու լսածը, մեկընդմիշտ մտապահելու վճռականությամբ: Այս հաշտ ու խիստ հետաքրքրված աշխատանքային մթնոլորտը տեսնելուց հետո համոզված ենք՝ հողի ձայնը լսելի կլինի երկրի հյուսիսում, կլինի հասկացված, հողն էլ՝ խնամված: