Հայաստանի ազգային ագրարային համալսարանից գույք հետ վերցնելու եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու, այլ տարածքներ համատեղ օգտագործելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման դեմ Ագրարային համալսարանի աշխատակիցների այսօրվա բողոքի գործողության ժամանակ հնչել են թյուր կարծիքներ, թե իբր համալսարանի աշխատակիցների եւ ուսանողության՝ նախորդիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարին ուղղված այս թեմային առնչվող նամակը չի հասել նախարար տիկին Անդրեասյանին։
Հետագա ապատեղեկատվությունը կանխելու համար հայտնում ենք, որ նամակը նախարարությունում պաշտոնապես մուտքագրվել է ավելի քան երկու ամիս առաջ՝ ս․ թ․ օգոստոսի 28-ին (տես լուսանկարը)։
Հիշեցնում ենք, որ ՀԱԱՀ աշխատակիցներն ու ուսանողները հիշյալ նամակում մտահոգություն էին արտահայտել՝ երկրի ագրոպարենային ոլորտի մասնագետների պատրաստման համար համապատասխան ուսումնական միջավայրի ապահովման համար անհրաժեշտ ուսումնական եւ օժանդակ տարածքների պահպանման եւ ընդլայնման անհրաժեշտության համատեքստում ներկայում օգտագործվող մասնաշենքերից որևէ տարածքի օտարման կամ օգտագործման իրավունքով այլ կազմակերպության տրամադրելու դեպքում համալսարանի բնականոն գործունեության խաթարման վտանգի վերաբերյալ։ Այնուհետեւ նամակում աշխատակիցներն ու ուսանողները արել են մի շարք առաջարկներ եւ դիմել նախարարությանը՝ դրանք կյանքի կոչելու հարցում համալսարանին օժանդակելու խնդրանքով։ Առաջարկներն ուղղված են ուսանողական համակազմի համալրման ճգնաժամը հաղթահարելուն, համալսարանի կրթագիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը։