Առաջինը աշխատանքային կիսամյակ անցկացրեցին Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողները․ մյուս ֆակուլտետների ուսանողների կիսամյակը շարունակվում է։
ՀԱԱՀ-ի բարեփոխված ուսումնական պլաններով նախատեսված 4-ամսյա աշխատանքային կիսամյակը հաջողություն գրանցեց մի շարք առումներով։ Համագործակցող ընկերությունները, անշուշտ՝ նախնական բանակցությունների, փոխադարձ վստահության եւ, շատ դեպքերում՝ կնքված գործակցային հուշագրերի հիման վրա պատրաստակամորեն ընդունեցին ուսանողներին, արտադրության եւ կառավարման տարբեր օղակներում աշխատելու հնարավորություն տվեցին՝ մեծամասամբ՝ աշխատավարձով, նաեւ փոխադրամիջոց եւ սնունդ ապահովելով։ Ուսանողներն էլ իրենց հերթին աշխատանքային պարտականությունները կատարեցին հասուն, պատասխանատու վերաբերմունքով, մասնագիտական ձեռնհասությամբ ու կարողականությամբ։
Գործնական արդյունքներից մեկը եղավ այն, որ 26 ագրոնոմ ուսանողներից 15-ը մասնագիտական աշխատանքի առաջարկ ստացավ գործատուներից, որ գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտի հայտնի ու առաջատար ընկերություններ ու ֆերմերային տնտեսություններ են։ Առաջին աշխատանքային կիսամյակի վերաբերյալ Ագրոնոմիական ֆակուլտետում հավաքված տվյալների շտեմարանը կօգնի ավելի լավ կողմնորոշվել գործընկերների հետ հաջորդ ուսումնական տարվա կիսամյակը կազմակերպելու գործում։
Ագրոնոմիականում ավարտված, իսկ մյուս ֆակուլտետներում շարունակվող աշխատանքային կիսամյակը հստակ կերպով ցույց է տալիս, որ ուսանողի եւ գործատուի փոխադարձ վստահության եւ փոխշահավետ գործակցության սկզբունքի վրա հիմնված փորձուսուցման այս ձեւաչափը ակնհայտ առավելություն ունի ավանդական, գերազանցապես ձեւական ուսումնաարտադրական փորձուսուցումների նկատմամբ։ Պարենամթերքի տեխնոլոգիայի ֆակուլտետում հետաքրքիր փորձը՝ ուսանողների շրջանում անցկացված հարցախույզը նույնպես այս մասին է վկայում․ հարցվողների 60 տոկոսն այն բարձր է գնահատում, 27 տոկոսը՝ բավարար։
Փորձուսուցումների՝ «ավանդական» պրակտիկաների վերաբերյալ ուսանողների շրջանում նախկինում անցկացված համանման հարցումները հստակ կերպով ցույց են տվել դրանց անարդյունավետությունը․ սրա պարզ բացատրություններից մեկը տեսական հիմնավոր գիտելիքի պակասն էր, մասնավորաբար՝ ուսումնահետազոտական այնպիսի արդիական ենթակառույցների բացակայության պատճառով, որոնք այսօր իրականություն են համալսարանում։
Ագրարային համալսարանի Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը նույնպես ասելիք ունի արտադրական փորձուսուցումների առումով․ դուալ մասնագիտական կրթական ծրագրի շրջանակում գործընկեր 7 գինեգործարանում անցկացված փորձուսուցման ավարտին ուսանողները ջանում են այն երկարաձգելու հնարավորություններ գտնել․․․
Աշխատանքային կիսամյակի ներդրումը ռեկտոր Վարդան Ուռուտյանի նորարարական գաղափարներից է, որ այսօր հաճելի իրականություն է դարձել։