Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանի նախաձեռնությամբ մայիսի 28-ին Անասնաբուժություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներն այցելեցին Լոռու մարզի Տաշիր համայնքի` իր տեսակի մեջ եզակի եւ Հայաստանում ամենամեծ «Երեմյան Ֆարմ» ընկերության խոշոր անասնապահական համալիր։ Երեմյան ֆարմի անասնապահական համալիրը ներառում է խոշոր եղջերավոր կենդանիների եւ խոզերի ֆերմաներ, կերախառնուրդի պահեստ, կերախառնուրդի պահեստ, կերային մշակաբույսերի աճեցման համար նախատեսված հողատարածք, ավտոմատ կթի գերժամանակակից սրահ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի եւ այլ ենթակառույցներ։ Ֆերման ունի 70․000 քառակուսի մետր կահավորված տարածք, 850 հեկտար մշակվող հող, 2500 գլուխ խոշոր եղջերավոր, որից 1500-ը կթու կով, 25 միավոր գյուղտեխնիկա։ Համալիրն ունի 130 աշխատակից։
Երեմյան կաթնամթերքի ստացման ճանապարհն անցնում է «Սերմից՝ սեղան» հայեցակարգով։ Կաթի բացարձակ որակի ստացման գործընթացում վերահսկվում է ամբողջական համակարգը՝ սկսած կերարտադրության առաջին քայլից մինչեւ կաթի մշակման ամբողջական փակ շղթա։
Այցելության հիմնական նպատակը հաջորդ ուսումնական տարում՝ 4-րդ կուրսում, ուսանողների աշխատանքային կիսամյակն այս տնտեսությունում անցկացնելու վերաբերյալ նախապատրաստական հանդիպումն էր։ Բացի առաջիկա աշխատանքային կիսամյակի պայմանների քննարկումից, ընկերության աշխատակիցները շատ հետաքրքիր շրջայց կազմակերպեցին ագրարայինցիների համար։
Ավելորդ է ասել, որ դեկան Աբովյանին եւ ուսանողներին այստեղ լավ ընդունելություն էր սպասվում, մանավանդ որ Երեմյան ֆարմում նրանց դիմավորեցին Ագրարային համալսարանի շրջանավարտներ։ Երկրի առաջատար տնտեսություններից մեկում մերոնք անցել եւ շարունակում են անցնել մասնագիտական հետաքրքիր եւ ուսանելի ուղի։
Նրանցից մեկը Երեմյան ֆարմին է միացել վերջերս՝ ֆակուլտետն ավարտելուց հետո․ իսկ այդ հնարավորությունը նրան ընձեռվեց անցյալ տարի այստեղ անցկացրած աշխատանքային կիսամյակի շնորհիվ։