Անասնաբույժի միջազգային օրը․ ՀԱԱՀ-ի շրջանավարտներն ու ուսանողները գնահատվում են պետականորեն

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն  ապրիլի 28-ին մասնակցել է Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված համաժողովին, որն արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում նշվում է պետական մակարդակով։ Համաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ կառավարության, միջազգային եւ տեղական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս տարի միջոցառումը կազմակերպվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) նախագծի աջակցությամբ: Համաժողովի նպատակն էր արժեքավորել անասնաբույժի մասնագիտությունը, քննարկել ոլորտում առկա խնդիրները, իրազեկել հասարակությանը:

Ռեկտոր Ուռուտյանն իր խոսքում ներկայացրեց անասնաբույժի մասնագիտությունը երկիտասարդության համար գրավիչ դարձնելու ուղղությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում վերջին տարիներին կատարված մեծածավալ աշխատանքը, ստեղծված նոր միջավայրը՝ Անասնաբուժական գիտակրթական գերազանցության կենտրոնով, Բալահովիտի Կաթնամթերքի վարպետաց դպրոցով եւ այլ ենթակառույցներով։ Այս ամենն արդե΄ն նպաստում է արդիական գիտելիքներով ու գործնական հմտություններով զինված բարձրակարգ մասնագետներ պատրաստելու գործին։

ՍԱՏՄ-ի ղեկավար Արմեն Հայրապետյանը շնորհակալագրեր է հանձնել ոլորտում նշանակալի ներդրում ունեցած մասնագետներին՝ բարեխիղճ աշխատանքի, մասնագիտությանը նվիրվածության եւ անասնաբուժության բնագավառում ունեցած բազմամյա ավանդի համար։

Պարգեւատրվեցին նաեւ ՀԱԱՀ առաջին կուրսի ուսանողներ Ելենա Ասատրյանը եւ Վարդան Բաղդասարյանը՝ մասնագիտական համաձակ ընտրություն կատարելու համար, ՀԱԱՀ շրջանավարտներ Վահագն Սարգսյանն ու Սեւակ Սահակյանը, ինչպես նաեւ Ագրարային համալսարանում կենդանիների պատվաստողների դասընթացն ավարտելու շնորհիվ այժմ ոլորտում աշխատող Աշոտ Խանումյանը։ Համաժողովի ժամանակ ՌԶԳ-ի մեր գործընկերները նաեւ տեսաֆիլմ ցուցադրեցին Վահագնի, Սեւակի եւ Աշոտի հաջողության պատմությունների վերաբերյալ, որոնք այսօր սեփական բիզնեսն ունեցող կայացած եւ ճանաչված անասնաբույժներ են։

Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանն առաջիկայում այս մասնագետներին հրավիրելու է համալսարան՝ ներկա ուսանողներին հաղորդակից դարձնելու հաջողության իրենց պատմությանը։