Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնն ամբողջ հմայքով․ Բաց դռների օր եւ սեմինար նորարար տեխնոլոգիաների մասին

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում Բաց դռների օր էր։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Տեխասի Էյ ընդ Էմ (գյուղատնտեսության եւ մեքենաշինության) համալսարանի համատեղ կրթական ծրագիրն արդեն 24 տարի լուրջ դերակատարություն ունի ագրոպարենային եւ հարակից ոլորտների համար արդիական տնտեսական, շուկայավարական եւ կառավարչական գիտելիքներով ու հմտություններով զինված մասնագետների պատրաստման գործում։

Բաց դռների օրվա մասնակիցները գլխավորապես ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի աշակերտներն ու Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողներն էին։ ԱՈՒԿ-ի բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտ, ՀԱԱՀ ասպիրանտ Դավիթ Մարկոսյանը, նախ ինտերակտիվ եղանակով, QR-կոդի միջոցով հավաքեց գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտի ժամանակակից կրթության վերաբերյալ երիտասարդների պատկերացումները։ Հետաքրքրական է, որ դրանք, ըստ էության, հիմնականում համընկան այն ամենի հետ, ինչ հետո ներկայացրեցին Դավիթը, ինչպես նաեւ այս տարվա շրջանավարտ Ելիզավետան եւ ուսանողներ Մերին եւ Աստղիկը, այն է՝ ԱՈՒԿ-ի առինքնող, կրթանպաստ ու ընտանեկան միջավայրը, դասախոսների՝ համապատասխան ոլորտների գործող փորձագետներ լինելու հանգամանքը, միջազգայնորեն մրցունակ կրթական ծրագրերը, անգլերենին գերազանց տիրապետելը, գնալով ավելի «տեխնոլոգիացող» դասընթացներն ու ուսումնական պլանները․․․

Երկուստեք հաճելի, ուսանելի եւ հետաքրքիր հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ ԱՈՒԿ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը եւ փոխտնօրեն Սուսաննա Մեժլումյանը, շատ օգտակար եղավ վարժարանի եւ քոլեջի սաների համար, որոնց մեջ քիչ չէին արդե´ն դեպի ԱՈՒԿ-ATC կողմնորոշվածները։

Հանդիպման երկրորդ հատվածում երիտասարդներն ունկնդրեցին «Նորարար տեխնոլոգիաները ագրոբիզնեսում» թեմայով զեկուցումը, որով հանդես եկավ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀԱԱՀ նախկին ռեկտոր, ԱՈՒԿ-ի դասախոս, ICARE հիմնադրամի Ագրիքեմփ ծրագրի Ագրոթվին թիմի ղեկավար, Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության թեկնածու Վարդան Ուռուտյանը։ Ոլորտի ապագա կառավարիչներին հաղորդակից դարձնելով ոլորտի գլոբալ եւ ազգային լուրջ մարտահրավերներին, մասնավորապես՝ արտադրողականության, հողերի նպատակային օգտագործման, տեխնիկական վերազինման, ենթակառուցվածքների բարելավման, պարենային եւ սննդի անվտանգության, մասնագետների պատրաստման հարցերում՝ պարոն Ուռուտյանը առարկայորեն ցույց տվեց մեր երկրի ագրոպարենային համակարգում առկա չօգտագործված հսկայական ներուժը թե համախառն արտադրության եւ թե արտահանումների բնագավառում։ Բանախոսը ներկայացրեց Գյուղատնտեսություն 4.0 հայեցակարգը, թվային տեխնոլոգիաների դերը, ագրոտեխնոլոգիաների հիմնական ուղղությունները։