Ակադեմիկոս Դմիտրի Լիխաչովը հորդորում էր. եթե նույնիսկ կարծում եք աշխարհի վերջին օրն է, միեւնույնն է՝ ծառ տնկեք: Այո, ծառը/ծառատունկը Երկիր մոլորակը դեպի լավը շրջող, մարդուն մարդ պահող զորեղ միջոց է…
Մայիսի 2-ին, ճիշտ կեսօրին՝ չնայած օդերեւութաբանների չկանխատեսած անձրեւին, հախուռն տրամադրությամբ էին համակված Ագրարայինի դասախոսներն ու ուսանողները: Բոլորը ձգտում էին փոս փորել, ջուր բերել, ծայրահեղ դեպքում տնկին պահել՝ փոսը լցնելիս:
Բուհի հոբելյանի առթիվ, ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանի ու Երեւանի քաղաքապետարանի Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ, դոցենտ Արծվի Գրիգորյանի համատեղ ջանքերով առաջին մասնաշենքին հարող պուրակում հինգ ծառ տնկեցինք՝ երկու ձիակասկ (սովորական), երկու կատալպա (սովորական) եւ մեկ հուդայածառ:
Պարոն Գրիգորյանը տեղեկացրեց նաեւ, որ առաջիկայում կհատվեն չորացած ծառերն ու նոր թփեր կտնկվեն: