Ագրարային համալսարան 67 տոկոսով ավելի ուսանող է ընդունվել․ ամփոփվել են նաեւ հեռակա ուսուցման համակարգի ընդունելության արդյունքները

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ամփոփվել են հեռակա ուսուցմամբ 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները։ Ուրախությամբ հայտնում ենք, որ ամփոփիչ տվյալները գոհացուցիչ են երկրի՝ ագրարային մասնագիտություններ ուսուցանող միակ բուհի, գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների աշխատաշուկայի, առհասարակ մեր պետության եւ հասարակության համար։

Ընդհանուր առմամբ, ՀԱԱՀ՝ մասնաճյուղերը ներառյալ, ընդունվել է 1924 դիմորդ (ներառյալ բակալավրիատի եւ մագիստրատուրայի առկա եւ հեռակա համակարգ եւ քոլեջ ընդունվածները եւ քոլեջներից հեռակա 2-րդ կուրս տեղափոխվածները), որը 67 տոկոսով գերազանցում է նախորդ՝ 2023-2024 ուստարվա համապատասխան ցուցանիշը։ Ընդունվածներից 1527-ը (777-ը առկա եւ 750-ը հեռակա)՝ նախորդ ուստարվա 901-ի դիմաց, համալրել են մայր բուհի (աճը կազմել է 69,5 %), իսկ 197-ը (նախորդ տարվա 251-ի դիմաց)՝ Վանաձորի, Սիսիանի եւ Շիրակի մասնաճյուղերի ուսանողական համակազմը (մասնաճյուղերում միջին աճը՝ 51 %)։

Ուրախալի փաստ է նաեւ այն, որ աճը վերաբերում է գործնականում բոլոր կրթական ծրագրերին (միայն քոլեջներից մեկի կրթական ծրագրերից մեկի գծով է աննշան հետընթաց գրանցվել)։

Համալսարանի այս ուսումնական տարվա կարեւոր ձեռքբերումներից մեկն էլ առաջին անգամ «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրի ուսանողների 23-հոգանոց խմբի ձեւավորումն է բակալավրիատի առկա ուսուցման առաջին կուրսում։ Սրանով, Ագրարային համալսարանը ժամանակին արձագանքում է գյուղատնտեսության վարման նորագույն տեխնոլոգիաներ բովանդակող եւ արագ զարգացող այս ենթաոլորտի համար մասնագետների պատրաստման տնտեսական հրամայականին։

Ագրարային համալսարանի այս տարվա ընդունելության վերաբերյալ ցուցանիշները տպավորիչ են։ Այս համատեքստում առավել սին ու ծիծաղելի են դառնում որոշ շրջանակների՝ համալսարանի «լուրջ խնդիրների», «փակման» եւ այլ անհեթեթ ձեւակերպումներով ապատեղեկատվություն տարածելու եւ համալսարանի վարկաբեկման ջղաձիգ փորձերը։