Փոխըմբռնման հուշագիր ՀԱԱՀ-ի և ՌԶԳ-ի միջև

Մարտի 5-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Ռազմավարական զարգացման գործակալության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որը վերաբերում է «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրին:

Ծրագրի շրջանակում, մասնավորապես, իրականացվելու է ՀԱԱՀ դասախոսների վերապատրաստման ծրագիր՝ «Դասավանդման և գնահատման հիմունքներ» վերտառությամբ: Վերապատրաստման ծրագիրը ներառում է տեսական եւ գործնական մաս:

Հուշագրով նախատեսվում է անցկացնել նաեւ կարճաժամկետ դասընթացների շարք կանանց և երիտասարդների համար: Ընտրված թեմաները ներառում են հացաբուլկեղենի եւ շոկոլադի արտադրության տեխնոլոգիաները, ագրոստարտափների եւ նորարարական ագրոտեխնոլոգիական գաղափարների զարգացումը:

Ստորագրված հուշագիրը բավականին մեծ ընդգրկում ունի եւ նախատեսում է նաեւ հատուկ ստեղծված հավելվածով առցանց ագրոխորհրդատվական հարթակի վրա դասընթացի մոդուլի եւ նյութերի տեղադրում:

ՌԶԳ-ի հետ ստորագրված հուշագրով նախատեսվող աշխատանքների բաղադրիչներից մեկով էլ կմարմնավորվի Ագրարային համալսարանի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում Կաթնամթերքի վարպետաց դպրոց հիմնելու՝ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նորարարական գաղափարը: