Ապրիլի 13-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հրավերով հանձնաժողովի հերթական նիստին մասնակցում էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի, ինչպես նաեւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի շարք ուսանողներ:
ՏՄՊՊՀ-ի նիստում քննարկվում էին հայրենական ընկերություններից մեկի արտադրած բուսական յուղերի երկու ապրանքանիշերի՝ օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության վերաբերյալ հարցը: Հարցի մասին զեկուցողն, ի դեպ, մեր համալսարանի շրջանավարտ Մերուժան Խաչատրյանն էր, որ վերջերս է միացել հանձնաժողովի թիմին եւ, ինչպես պարզվեց, ներկայացնում էր իր առաջին զեկուցումը: Հարցի քննարկումն ինքնին հետաքրքիր փորձառություն էր ուսանողների համար, իսկ նիստից հետո առավել հետաքրքիր, ուսանելի եւ շահագրգիռ հանդիպում է տեղի ունեցել ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանի հետ: Պարոն Գեւորգյանն էլ, ի դեպ, բոլորովին վերջերս ընտրվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:
ՏՄՊՊՀ նախագահը ուսանողներին հաճույքով ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները եւ իրականացրած աշխատանքները, հետաքրքրվել տնտեսական մրցակցության պաշտպանության, շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ երիտասարդների կարծիքներով, զրուցել պետական կառավարման համակարգը երիտասարդ մասնագետների համար գրավիչ դարձնելուն առնչվող հարցերի շուրջ: Գեղամ Գեւորգյանը նշել է, որ համանման հանդիպումները երկրի տարբեր կրթական հաստատությունների ուսանողների հետ շարունակական են լինելու եւ բացատրել. «Մեր նպատակն է ակտիվացնել մեր հասարակության միտքը ձեւավորող շերտի՝ ուսանողության եւ պետական մարմինների միջեւ համագործակցությունը, քանի որ դուք մեր վաղվա մասնագետներն ու ղեկավարներն եք, եւ դուք եք որոշելու մեր երկրի ճակատագիրը»:
Հանդիպմանը մասնակցած ՀԱԱՀ ուսանողներն ուրախ են, որ պատշաճ կերպով են ներկայացրել բուհը եւ իրենց գիտելիքներով ու տված հարցերի խորքայնությամբ տպավորել են հանձնաժողովի անդամներին եւ նախագահին:Հանդիպման վերաբերյալ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանին հասած ազդակները չեն կարող գոհունակություն չպատճառել թե նրան եւ թե ֆակուլտետի դասախոսներին: