Վերապատրաստումներ. «ոչ նորաձեւ» սելեկցիան արվեստ է, շատ կարեւոր ոլորտ-մասնագիտություն

Վերապատրաստումների մասին գրելիս, մեծ մասամբ՝ փոքր բացառություններով, նույն տպավորությունն ենք ստացել, որ լսարանի երկու կողմում էլ արհեստավարժ, գիտակ, հմուտ մասնագետներ են, որոնք ուզում են իրազեկ լինել նորությունների մասին, մտահոգ են լուծման կարոտ խնդիրներով, սերնդափոխության հարցերով: Հունիսի 8-ին էլ պատկերը նույնն էր: Դասախոսը պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանն էր, որը արտադրությունն ու գիտությունը խորքից գիտե, պրակտիկ, պատասխանատու աշխատանքների մեծ ճանապարհ է անցել, ուրեմն նաեւ՝ ասելիք-փոխանցելիք ունի արտասահմանյան հարուստ փորձը զուգահեռաբար դիտարկել-համեմատելով:

Հենց սերնդափոխությունից էլ սկսենք. անասնաբուծություն՝ մարդու նստակյաց դառնալուց ի վեր անփոխարինելի, աշխարհի արարման օրից գործունեության ամենամաքուր, ազնիվ ասպարեզներից մեկը: Սակայն, ցավոք, վերջին տարիներին դժվարությամբ է համալրվում այս մասնագիտության համակազմը: «Նորաձեւ» չէ: Գրավիչ չէ: Դժվար է: Բայց ներս ու դրսում որքան մեծ պահանջարկ կա՝ սելեկցոներ-գենետիկոսների…

Թեման էր՝ «Կենդանիների համալիր գնահատման սկզբունքներն ու ժամանակակից մեթոդները»: Դեռ խորհրդային տարիներից՝ 30-ականներից, կենդանիների գնահատման համակարգ կար: Սակայն այսօր մոտեցումները փոխվել են, իսկ մեթոդաբանությունն ու չափորոշիչները նույնն են մնացել: Համաշխարհային գիտությունը հիմա այս ուղղությամբ է աշխատում (օրինակ՝ հակամարմիններ, մաստիտ՝ սրանք ցուցանիշներ են, որ այսուհետ պետք է հաշվի առնվեն): Իսկ գենետիկայի գործոնը կամաց-կամաց երկրորդ պլան է մղվում:

Թվաբանությամբ ապացուցված է, որ շահավետ է պահպանել միայն բարձր մթերատվությամբ անասնաբուծությունը: Ցավոք սա ունի երկրորդ կողմ՝ սովորաբար հիվանդանում են լավագույն ցուցանիշներով կենդանիները…

Կենդանիների համարակալում, հակահամաճարակային գործողություններ, բուրդ, կաշի, անասնաբուծության վարման ավստրիական, թե ֆրանսիական մոտեցումներ… անսպառ հարցեր, բուռն, կրքոտ քննարկումներ եւ ոչ ոք չի նկատում, որ դասաժամն ու աշխատանքային օրը վաղուց ավարտվել են: