Վարժարանում օգտվում են հեռավար ուսուցման ծավալուն գործիքակազմից

0 Shares

Կորոնավիրուսի համայնաճարակի առնչությամբ երկրում արտակարգ դրության հայտարարումից ի վեր՝ երկուշաբթի օրվանից ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում ձեռնարկվեցին ուսումնական գործընթացի հեռավար կազմակերպման ակտիվ աշխատանքներ։

Հետաքրքիր է, որ արտակարգ ռեժիմին անցնելուն նախորդել էր ՏՏ նոր գործիքների կիրառմամբ դասեր վարելու հմտությունների գծով վերապատրաստումը եւ դրանց գործնական արդյունքի ստուգումը վարժարանի նոր համակարգչային դասարանում (դասարանի պաշտոնական բացումը հետաձգվել է արտակարգ իրավիճակի բերումով)։ Դասարանում արդեն անցկացվել էին մաթեմատիկայի, անգլերենի հեռավար դասեր, ֆիլմադիտումներ, քննարկումներ։

Փորձնական դասերն ու քննարկումները շատ արագ ի ցույց դրեցին հեռավար դասընթացի արդյունավետությունն ու առավելությունները, առնվազն՝ նույն տարիքային խմբի մեծ թվով երեխաների ներգրավման եւ հեռախոսի միջոցով իրենց ուսուցիչներից զատ նաեւ այլ ուսուցիչների հետ կապ հաստատելու հնարավորություն առումով։ Բուն գործընթացի մեկնարկի օրը հեռավար առաջին դասին մասնակցեցին 18 աշակերտներ, սակայն մեկ-երկու օրում մասնակիցների թիվը հասավ 55-ի։ Նախքան հեռավար դասի անցկացումը չաթերի միջոցով վարժարանի սաներին է ուղարկվում ուսուցչի ծածկագիրը, երեխաները հաստատում են իրենց մասնակցությունը, ուսուցիչը հանձնարարում է թեման եւ հաջորդ օրվա թեստային առաջադրանքը։

Վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի փոխանցմամբ, ուսուցիչներն ու աշակերտներն օգտվում են հեռավար ուսուցման հնարավոր բոլոր գործիքներից՝ Messenger, WhatsApp, տեսաչաթեր, Ֆեյսբուք, quizizz.com, zoom.us, LearningApps.org, imdproc.am հարթակներից, ԿԳՄՍ նախարարության առցանց ռեսուրսներից եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) առաջարկած գործիքակազմից, այդ թվում՝ հանրային հեռուստաընկերության հեռարձակած ուսումնական հաղորդումներից։

«Մեր հերթին մաթեմատիկայի, պատմության, հասարակագիտության եւ այլ առարկաների գծով մեր հաջողված տեսադասերը, թեստային նյութերն ու առաջադրանքներն ուղարկում ենք ԿՏԱԿ-ի հարթակին՝ արձագանքելով ընդհանուր ուսումնական բազայի ստեղծման վերաբերյալ ԿՏԱԿ-ի կոչին։ Երեխաները շատ ակտիվ են, մինչեւ ուշ գիշեր ուսուցիչներին գրում են, թե հաջորդ օրն ինչ են սովորելու։ Ընդ որում, մենք գործիքակազմին չտիրապետող ուսուցիչների աշակերտներին կցում ենք դրան տիրապետող ուսուցիչներին», – ասում է տիկին Հակոբյանը։

Ըստ էության, ճգնաժամը ՀԱԱՀ վարժարանին ստիպեց գործնականորեն կիրառել ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների նոր որակ, դասագործընթացում բազմաթիվ ուսուցիչների միաժամանակյա ներգրավման նոր գործելակերպ եւ ուսուցչի՝ որպես ավագ գործընկերոջ, ուղղորդողի ու համադրողի նոր դերակատարում։ «Սա հենց այն է, ինչ մենք անվանում ենք աշակերտակենտրոն մոտեցում։ Սա նաեւ մեդիագրագիտության առումով «հարկադրված» առաջընթաց է․ չէ որ երեխաները հընթացս սովորում են առնվազն կարեւորել նյութի աղբյուրը», – վարժարանի տնօրենի կարծիքն է։

Արաքս Հակոբյանը որգեւորված է եւ համոզված, որ «վատ վիճակից  օգուտներով ենք դուրս գալու»։ Նախ, թե վարժարանի մանկավարժական հանրույթը եւ թե ծնողները գոհ են, որ երեխաները հեռախոսները սկսել են ծառայեցնել լավ նպատակների, ուսումնական նյութեր են փոխանակում միմյանց։ Բացի այդ, կոտրվել է դասավանդման եւ դասագործընթացի ավանդական մոդելը, ըստ վարժարանցիների՝ այսօր կարող ենք արդեն խոսել դասի վարման նոր մշակույթի, աշակերտների շրջանում դասի նկատմամբ հետաքրքրության վերականգման փաստի մասին։ Չկա պարտադրանք, չկա պատիժ, փոխարենը կա դասին ակտիվորեն մասնակցելու՝ աշակերտի ցանկությունը։

Հեռավար ուսուցման գործընթացին ոգեւորությամբ են մասնակցում, մասնավորապես, տասներորդցիները․ վարժարանի տնօրենը հավատացած է՝ հենց նրանք են 3 տարի հետո կրթական նոր պահանջներ դնելու համալսարանում եւ նորովի «աշխատեցնելու» դասախոսներին։