Եվրամիության ֆինանսավորմամբ եվրոպական բուհերում սովորելու, կարողությունների բարելավումն ու հմտությունների զարգացումը խթանող ծրագրերի անմիջական մասնակիցը դառնալու եւ վերապատրաստվելու հնարավորությունների ներկայացմամբ Վանաձորի մասնաճյուղում էր ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը: Որպես TOPAS ծրագրի տեղային համակարգող, պարոն Համբարձումյանը ներկայացրեց ծրագրի հիմնական գործողություններն ու ձեռքբերումները, այն արդյունքները, որոնք կարող են օգտագործել Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ու աշխատակիցները: Շուրջ 34 մասնակից, որոնց թվում էին ուսանողներ, վարչական աշխատակազմի, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մասնաճյուղի հարկի ներքո գործող Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատակիցներ, բավականին ակտիվորեն ներգրավվեցին՝ հնչեցնելով զանազան հարցեր:
Լիահույս ենք, որ եվրոպական գործընկեր համալսարաններում վերապատրաստվելու եւ հետագայում իրենց ընկերներին վերապատրաստելու հնարավորությունից կօգտվեն մասնաճյուղի դասախոսները, իսկ ուսանողների ներգրավվածությունը խթանելը կարեւորագույն առաջնահերթություններից է:
Հանդիպման վերջում Գարեգին Համբարձումյանը ծանոթացավ համալսարանի համակարգում գործող նոր ենթակառույցներից մեկի՝ Լոռու մարզի գիտելիքի նորարարական հաբի ընձեռած բազմաբնույթ հնարավորություններին ու գործունեության մեխանիզմներին:
Աննա Խառատյան
Վանաձորի մասնաճյուղի մեթոդիստ, դասախոս