Դարի համավարակը խլեց եւս մեկ լուսավոր մարդու՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Հակոբյանի կյանքը: ՀԱԱՀ-ի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը, համալսարանի համակարգի բոլոր ստորաբաժանումների աշխատակազմերը խորը ցավով են ընդունում կրթական գործի հմուտ ու վաստակաշատ կազմակերպչի, անխոնջ գործչի, լավ մարդու, գործընկերոջ ու ընկերոջ կորուստը:
Ալեքսանդր Խաչատուրի Հակոբյանը ծնվել է 1951թ. նոյեմբերի 5-ին, Լոռու մարզի Գուգարք (Մեղրուտ) գյուղում: Գուգարքի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի անասնաμուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը, որն ավարտել է 1973 թ:-ին: Խորհրդային բանակում ծառայությունից հետո, 1974-1976թթ. աշխատել է Գուգարքի սովխոզում` որպես գլխավոր գյուղատնտես, 1976-1977թթ.` ՀԼԿԵՄ Գուգարքի շրջանային կոմիտեի կազմակերպչական բաժնի վարիչ, 1977-1985թթ.` Գուգարքի գյուղխորհրդի նախագահ՝ նախաձեռնելով եւ կյանքի կոչելով հայրենի գյուղի համաչափ զարգացման եւ բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման կարեւոր ծրագրեր:
Ալեքսանդր Հակոբյանը 1980թ. ընդունվել եւ 1984թ. ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի կենսանանության ֆակուլտետը` ստանալով 2-րդ բարձրագույն մասնագիտական կրթությունը: 1985–1992թթ. աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գուգարքի սովխոզ-տեխնիկումի տնօրեն: 1992-2001թթ. աշխատել է սովխոզ-տեխնիկումի իրավահաջորդ Վանաձորի պետական գյուղատնտեսական տեխնիկումում՝ որպես տնօրեն: Հակոբյանը 2001-2002թթ. աշխատել է ՀՀ ԳՆ Վանաձորի պետական շինարարական տեխնիկումի փոխտնօրեն, իսկ 2002-2005թթ.` ՀՀ ԳՆ Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջին կից Գյուղացիական տնտեսությունների ղեկավարների, գյուղատնտեսության մասնագետների վերապատրաստման եւ որակավորման բարձրացման կենտրոնի պետական կրթական հիմնարկի հիմնադիր տնօրեն:
2005թ. սեպտեմμերի 1-ից պարոն Հակոբյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր տնօրենն էր: Այս աշխատանքում լիովին դրսեւորվեցին Ալեքսանդր Հակոբյանի լավագույն հատկանիշները որպես սրտացավ ու պրոֆեսիոնալ ղեկավարի, մանկավարժի եւ նվիրյալ ու հայրենասեր կրթական գործչի: Մենք բոլորս մեծապես նրան ենք պարտական Վանաձորի մասնաճյուղի՝ որպես մարզային եւ ազգային նշանակության բուհի այսօրվա համբավի ու հեղինակության համար: Մասնաճյուղի գործունեության քիչ թե շատ ծանոթ ամեն մարդ կվկայի, որ նա բուհին վերաբերվում էր որպես սեփական տանը:
1995-2002թթ., հիմնական աշխատանքին զուգահեռ, աշխատել է Վանաձոր քաղաքի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում` որպես մարզիչ: Մարզչական աշխատանքի ընթացքում պատրաստել է տասնյակ կարգային մարզիկներ, սպորտի 4 վարպետ, որոնցից մեկը՝ միջազգային կարգի: 1996թ-ից ծանրամարտի հանրապետական կարգի մրցավար էր:
Բեղմնավոր է եղել նաեւ Ալեքսանդր Հակոբյանի գիտական գործունեությունը. հեղինակ եւ համահեղինակ է 66 գիտական եւ ուսումնամեթոդական աշխատանքների, այդ թվում՝ երկու ուսումնական ձեռնարկի եւ մեկ՝ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված բուհական դասագրքի:
2000թ. ՀԱԱՀ-ի «Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, ագրոքիմիա» մասնագիտության գծով արժանացել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի աստիճանի, 2009թ.՝ դոցենտի կոչման: Նրան գյուղատնտեսական գիտությունների դոկտորի աստիճան է շնորհվել 2012թ.: 2018թ.-ից ՀԱԱՀ պրոֆեսոր էր:
Բարեխիղճ, երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար պարգերատրվել է ՀԱԱՀ-ի Ոսկե հուշամեդալով, ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով, ՀԱԱՀ-ի Ոսկե մեդալով, «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալով, բազմաթիվ շնորհակալագրերով ու պատվոգրերով:
Ալեքսանդր Հակոբյանն ունի երեք զավակ:
Ագրարային համալսարանի ամբողջ հանրույթը ցավակցում է Ալեքսանդր Հակոբյանի ընտանիքին եւ մերձավորներին: Նա բոլորիս հիշողության մեջ կմնա որպես վառ անհատականություն, գործին անմնացորդ նվիրվելու ընդունակ ղեկավար եւ մասնագետ, սրտակից ընկեր: Նրա թողած հետքն ու ժառանգությունը դեռ շատ երկար ժամանակ լավագույն ուղենիշ կծառայեն ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղի եւ ամբողջ համալսարանի համար: