Ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում այսօր իրենց վերջին դասն են անցկացնում 93 սաներ՝ տարբեր հոսքերի ավարտական դասարաններից: Նրանք հաջողությամբ ավարտեցին իրենց ուսումը վարժարանում եւ այժմ պատրաստ են անելու իրենց մասնագիտական կարիերայի առաջին կարեւոր քայլերը:
Այս գեղեցիկ առիթով ողջունում եւ շնորհավորում եմ վարժարանի շրջանավարտներին եւ նրանց, ովքեր կարեւոր մաս ունեն վարժարանցիներին այս հանգրվան հասցնելու գործում՝ ծնողներին, մանկավարժներին եւ վարժարանի ղեկավարությանը:
Սիրելի շրջանավարտներ, այս տոնական պահին ձեզ ուղղված իմ ամբողջ ասելիքը չէ, որ տոնական է, սակայն ձեր հանդեպ իմ եւ Ագրարային համալսարանի ամբողջ հանրույթի վերաբերմունքը հիմնված է վստահության վրա՝ վստահություն առ ձեր ուժը, ձեր գիտելիքներն ու նվիրվածությունը ձեր իսկ նպատակներին, հարազատ կրթօջախին, հարազատ համալսարանին:
Դուք, ձեր մանկավարժները եւ ձեր ծնողներն արժանի եք Վերջին զանգի ճոխ արարողության: Ձեր եւ մեր համատեղ որոշումն է եղել՝ բավարարվել համեստ, բայց խոսուն ու գիտակցված միջոցառմամբ՝ հարգանքի տուրք մատուցելով վերջին պատերազմում անմահացած մեր հերոսների, այդ թվում Ագրարային համալսարանի տասնյակ ուսանողների փառքին ու հիշատակին:
Իմ ամենամեծ ցանկությունն ու մաղթանքը խաղաղությունն է՝ խաղաղ, ստեղծագործ ուսում եւ աշխատանք ձեզ եւ ձեր մանկավարժների համար եւ մանավանդ՝ խաղաղ ծառայություն նրանց համար, ովքեր վարժարանն ավարտելուց հետո համալրելու են Ազգային բանակի շարքերը:
Մի ցանկություն էլ ունեմ. պիտի խնդրեմ, որ ձեր կյանքի այս կարեւոր հանգրվանում մի պահ ետ նայեք ձեր ապրած դպրոցական տարիներին եւ գնահատեք այն, ինչ ունեք շնորհիվ ձեր մանկավարժների եւ ձեր ծնողների՝ Հայրենիքը, ընտանիքը, դպրոցն ու գիտելիքը: Եվ անշուշտ պատրաստվեք ձեր նոր կարգավիճակին՝ որպես արժանապատիվ ուսանողների: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում այդ կարգավիճակին հասնելու հարցում, նախեւառաջ՝ առաջիկա ընդունելության քննություններում:
Օրեցօր փոփոխվող ու նոր դեմք ստացող Ագրարային համալսարանը ձեզ սպասում է, սիրելի վարժարանցիներ: Ձեր ուսումը Ագրարային համալսարանում, ձեր ուսանողական կյանքը եւ մանավանդ ձեր մասնագիտական հեռանկարը լինելու է պայծառ, գեղեցիկ եւ հզոր. մենք ամեն ջանք գործադրում ենք եւ շարունակելու ենք գործադրել այս նպատակներին հասնելու համար: Բարի երթ: