AbioNet ծրագրի շրջանակում, ՀԱԱՀ բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողների համար կազմակերպվել էր նորարարական գաղափարների մտահավաք, որի հիմնական նպատակն էր ապագա մասնագետներին սեփական ձեռնարկատիրական գործունեություն վարելուն մոտեցնելը եւ նորարարական գաղափարների իրագործմանը, կյանքի կոչմանը դրդելը։
Հակառակ աշխարհաքաղաքական ծանր պատուհասի, այնուամենայնիվ դասերը մեկնարկեցին 2020-ի հոկտեմբերին եւ տեւեցին մինչեւ 2021 թ.-ի ապրիլ։ Ծրագիրը համակարգում եւ սիրով ուսանողների խորհրդատվությամբ էր զբաղվում Դրեզդենի տեխնիկական համալսարանի (TUD) ներկայացուցիչ Վալերիա Ռաչեւան։ Ագրարային համալսարանը ապրիլի 23-ի եզրափակչին ներկայացավ՝ Icheesy, Feuuphoria եւ Lakey Cinema թիմերով։
Եզրափակիչ ելույթներին մասնակցում էին նաեւ ՀՀ այլ բուհերի ուսանողներ. Գավառի, Շիրակի ու Երեւանի պետական համալսարանները։ Բոլորի ելույթների ավարտից հետո ժյուրին ըստ սահմանված չափորոշիչների գնահատեց։ Ժյուրիի կազմում ընդգրկված էին՝ Գերմանիայում ծնված եւ AYANI բրենդի հիմնադիր, մեր հայրենակցուհի Անի Բաղդասարյանը, Հարավ-արեւելյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նիկոս Զահարիսը (Սալոնիկ, Հունաստան), ինչպես նաեւ Պորտուգալիայի համալսարանից Թելմո Սանտոսը եւ Սվեն Ռիդելը՝ Գերմանիայի Դրեզդենի տեխնիկական համալսարանից։
Արդյունքների ամփոփումից հետո ՀԱԱՀ-ի Lakey Cinema թիմը գրավեց մրցանակային երկրորդ հորիզոնականը։ Lakey Cinema գաղափարի հեղինակներն են ՀԱԱՀ մագիստրատուրայի ուսանողուհիներ՝ Մերի Հանբարձումյանը եւ Անի Ամիրջանյանը։ «Դասընթացի շնորհիվ ձեռք բերված գիտելիքները եւ հմտությունները կիրառելի են մեր օրերում՝ ինչպես նոր բիզնեսի ստեղծման, այնպես էլ գործող բիզնեսների արդյունավետությունը գնահատելու տեսանկյունից»,- այսպես են համարում եւ գնահատում Feuphoria թիմի ներկյացուցիչներ Վաչե Գրիգորյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Իվետա Արզումանյանը։
Մասնակիցները առանձնահատուկ շնորհակալություն են հայտնում ինչպես Վալերիա Ռաչեւային՝ ամիսներ շարունակ կատարած հոգատար աշխատանքի, այնպես էլ Գայանե Մարմարյանին՝ ողջ ընթացքում ուսանողներին աջակից լինելու եւ նմանօրինակ ծրագրերում ներգրավելու համար: