Ագրոնոմիական ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումներում, ինչպես միշտ, արտահայտվեցին մի շարք հետաքրքիր, արդիական, ուստիեւ՝ հնարավոր ֆինանսավորման արժանի գաղափարներ:
Ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի ողջույնի խոսքերը տրամադրող էին, իսկ յուրաքանչյուր ուսանողին հատկացված ժամանակը չչարաշահելու հրահանգը՝ հստակ: Հենց այս ոճով էլ շարունակվեց գիտաժողովը՝ ջերմ մթնոլորտում՝ պահպանելով կանոններն ու չափանիշները:
Ֆակուլտետի տարբեր ամբիոնները ներկայացնող ուսանողները ներկայացրին տարբեր թեմաներ՝ պտղատու այգիների խնամք, տարաշխարհիկ մրգեր, կոնկրետ պտղատեսակների մշակություն, էներգետիկ անտառների ստեղծման հնարավորություններ: Եղան բանջարաբուծության ճյուղի իրավիճակի վերլուծության, գետաջրերի էկոլոգիական վիճակի գնահատման, լոլիկի տեղական սորտերի աճեցման վտանգվածության «քննողական» գնահատման բավականին հետաքրքիր փորձեր: Գիտաժողովը ցույց տվեց, որ ապագա ագրոնոմները չեն երկնչում ոչ միայն թեմաներից, այլեւ, որ ավելի կարեւոր է՝ համարձակ լուծումներից, ի դեպ՝ հաճախ պարզ ու հանճարեղ:
Ագրոնոմների ՈՒԳԸ գիտաժողովը առարկայորեն հաստատեց տարիներ առաջ Ագրոբիզնեսի դեպարտամենտի կատարած մի ուսումնասիրության արդյունքները. այն ժամանակ պարզվել էր, որ գործատուն պոտենցիալ աշխատակցից ակնկալում է առաջին հերթին հաղորդակցական հմտություններ, նույնիսկ մասնագիտական կարողություններից առավել: Մեր ապագա ագրոնոմները որպես գործող մասնագետ, անշուշտ, դեռ պետք է կայանան, սակայն, ինչպես գիտաժողովը ցույց տվեց՝ նրանց կայանալու հարցում կարծես թե մտահոգվելու առիթ չունենք:
Գիտաժողովն անուղղակիորեն արտացոլեց ֆակուլտետի ընդունած նոր քաղաքականության, անընդհատ բարեփոխվող ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի, ուսանող-դասախոս հարաբերությունների նոր որակի առավելությունները: Ձեւական մոտեցման «նահանջն» ու գործնականի «առաջխաղացումն» ակնհայտ են: Ֆակուլտետի ղեկավարությանն ու ուսանողների գիտական աշխատանքների ղեկավարներին հաջողվել է ոչ միայն բարձրացնել գիտական աշխատանքի հանդեպ ուսանողների պատասխանատվությունը, այլեւ նրանց շահադրդել իրենց թեմաները հետագա գիտական գործունեության հիմք դարձնելու:
Դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը ուսանողներին հիշեցրեց, որ լավագույն աշխատանքները կներկայացվեն համալսարանական ուսանողական գիտաժողովում: