Ճարտարագիտական բաժանմունքի ՈՒԳԸ նիստին եւս, ինչպես մյուս ֆակուլտետներում, հետաքրքիր, արդիական թեմաներ ներկայացվեցին. գյուղատնտեսական թափոնների վերամշակում, հողային պաշարների արդյունավետ օգտագործում: Շատ կարեւոր, կենսական, անգնահատելի արժեք ունի ռազմական նշանակության մեքենաների շահագործման անվտանգության բարձրացմանը նվիրված զեկուցումը: Գաղափարն այնքան լավն էր, որ նույնիսկ առաջարկություն եղավ փորձնական նմուշ ստեղծել՝ նյութագետների հետ միասին:
Անչափ լավ տպավորություն թողեց հեռակա ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանող Ավետիս Բաղդասարյանի ներկայացրած առաջարկությունը՝ հակավորման մեքենան, ղեկավար, պրոֆեսոր Արամայիս Եսոյան: Ավետիսը Արմավիրից է, ակնհայտ է, որ գյուղատնտեսական աշխատանքների մեծ փորձ ունի, նաեւ լավ պատկերացում, թե որտեղ կան լրացման-լավարկման կարոտ բացեր:
Այս ամենի կողքին, ցավոք քիչ չէին նաեւ ռեֆերատիվ բնույթի աշխատանքները՝ մի կերպ, ի միջի այլոց, հենց այնպես արված: Աննախադեպ մի հանգամանքի էլ բախվեցինք: Զեկուցողներ կային, առանց ղեկավարի, աչքաչափով գրված աշխատանքներով եւ համապատասխան ամբիոնից էլ ոչ ոք չկար, որ լսարանին օգներ հասկանալ՝ «խելքի մոտ» բան է ասում երիտասարդը, թե՝ ոչ:
Ֆակուլտետի դեկան, տեխ.գ.թ. Արման Սիմոնյանը նիստն ամփոփելով նկատեց, որ ներկայացվեց 13 զեկուցում: Ի բացառյալ հողաբարելավման ամբիոնից, մյուս բոլոր թողարկող ամբիոնները ներկայացված էին: Լավագույն երեք աշխատանքը անաչառ ընտրությամբ իրավունք կստանա ներկայացվելու համահամալսարանական փուլում: