Նոր մշակույթ անասնաբուծության ոլորտում․ գործակցային հուշագիր «Մաունթեն Բիֆ Քոմփանի» ընկերության հետ

Տավուշի մարզի Գոշ համայնքում գործում է Աբերդին-Անգուս ցեղատեսակի մսատու տավարի եզակի տնտեսություն: Եզակի ոչ միայն այն բանի համար, որ գործ ունենք մսատու տավարաբուծության զարգացման լուրջ եւ հաջողված ագրոբիզնեսի օրինակի հետ, այլեւ՝ որ այս գործի գլխին կանգնած են մարդիկ, որոնք, ըստ էության, ստանձնել են երկրի գյուղատնտեսության մի ամբողջ հեռանկարային ճյուղի զարգացման զգալի բեռ ու պատասխանատվություն:

«Մաունթեն Բիֆ Քոմփանի» ՍՊԸ-ի հիմնադիր, Ագրարային համալսարանի շրջանավարտ, երկրորդ կրթությամբ իրավաբան Աշոտ Պողոսյանը, խորհրդակցելով իր կուրսընկեր, ՀԱԱՀ Անասնաբուծության ամբիոնի վարիչ Տիգրան Չիթչյանի հետ, որոշել է այդ պատվավոր եւ մեծացող բեռը կրելու հարցում օգտվել իր հարազատ բուհի՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործընկերային աջակցությունից, ինչպես նաեւ առաջարկել սեփական աջակցությունը ուսանողներին արդիական գործնական գիտելիքներ ու փորձ հաղորդելու հարցում:

Մարտի 3-ին ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ «Մաունթեն Բիֆ Քոմփանի» ընկերության տնօրեն Մարտուն Պողոսյանի ստորագրած հուշագրով նախատեսվում է համագործակցություն ուսանողների փորձուսուցումների անցկացման, դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի կատարման, ուսանողների աշխատանքային կիսամյակների անցկացման ուղղություններով: Մսատու տավարաբուծության ճյուղի զարգացման առումով նախատեսվում է ակտիվորեն օգտագործել ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուտետի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական կարողությունները՝ ընկերության մասնագետների ու աշխատակիցների վերապատրաստումներ իրականացնելու համար:

«Մսային տավարաբուծությունը զարգացնելու համար մեզ անհրաժեշտ են գենետիկ մասնագետներ: Համալսարանը մեզ կարող է օգնել նաեւ արոտների կառավարման կարեւոր գործում, քանի որ թե գերարածեցումը եւ թե թերարածեցումը հանգեցնում են արոտների դեգրադացման: Համոզված եմ, որ այս բոլորը Ագրարային համալսարանի մասնագետների ուժերով դասավանդվելիք առարկաներ, մոդուլներ կարող են լինել: Այս հուշագրի ստորագրումը մենք շատ կարեւոր ենք համարում նաեւ ուսանողներին մեր տնտեսությունում գործնական գիտելիքներ հաղորդելու տեսակետից, մեզ մոտ նրանք շատ բան ունեն սովորելու»,- նշեց Աշոտ Պողոսյանը:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց  Մաունթեն Բիֆ Քոմփանիի ղեկավարներին՝ համագործակցության պատրաստակամության համար: «Մենք բարձր ենք գնահատում համատեղ աշխատանքի այս հնարավորությունը եւ պատրաստակամ ենք մսատու տավարաբուծության հեռանկարային ոլորտի առաջամարտիկների հետ համատեղ աշխատել բարձրակարգ մասնագետների պատրաստման ուղղությամբ: Այս նպատակով մենք կներդնենք համալսարանի մասնագիտական կարողությունները, ուսումնափորձնական տնտեսությունների եւ այս պահին ստեղծման-կահավորման փուլում գտնվող Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնի լայն հնարավորությունները»,- ասաց պարոն Ուռուտյանը:

Այս պահին արդեն ընկերությունում իրենց դիպլոմային աշխատանքների համար ուսումնասիրություններ են կատարում ֆակուլտետի երկու ուսանողներ՝ կերակրման եւ բուծման թեմաներով: «Գործնական նորագույն գիտելիքներ ստանալու, մասնագիտական լուրջ փորձառություն ձեռք բերելու համար մեր ուսանողները լավագույն հնարավորություններն ունեն Աշոտ Պողոսյանի տնտեսությունում»,- հավաստիացնում է Անասնաբուծության ամբիոնի վարիչ Տիգրան Չիթչյանը։ Պարոն Չիթչյանը եւ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը իրենց հատուկ խանդավառությամբ կյանքի են կոչում եւս մեկ արժեքավոր ու հեռանկարային համագործակցություն:

Աշոտ Պողոսյանը մսատու տավարաբուծության ճյուղի զարգացման գործում հեղափոխական փոփոխությունների նախաձեռնողն ու իրականացնողն է: 2020թ. հունվարին Լենինգրադի մարզից ներկրված 30 գլուխ երինջները ԱՄՆ-ից բերված 3-րդ սերնդի Աբերդին-Անգուս ցեղատեսակի են: Այսօր ընկերությունն ունի արդեն 54 գլուխ, իսկ այս տարվա ընթացքում նախնական գլխաքանակը առնվազն կքառապատկվի:

Այս կարեւոր քայլին նախորդել են պարոն Պողոսյանի երկար տարիների ուսումնասիրությունները: Այդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ, օրինակ, արոտների ճիշտ կառավարման շնորհիվ կարելի է դրանց արդյունավետությունը բարձրացնել 30-40 տոկոսով: Միայն Գոշի վարչական տարածքում 50 հազար հա արոտ կա, որից ընկերությունը վարձակալել է 200 հեկտարից էլ պակաս: Արոտի ճիշտ կառավարման շնորհիվ այդ տարածքները երեք անգամ ռեգեներացման են ենթարկվում: Մյուս կողմից, ընդհանրապես արոտների թերօգտագործման խնդիր կա, մանավանդ Տավուշում եւ Սյունիքի նախալեռներում, որտեղ արոտային սեզոնը տեւում է 11 եւ ավելի ամիս:

Պողոսյանը միանգամայն նոր մշակույթ է բերել անասնաբուծության ոլորտ: Մեր ֆերմերներից շատերը չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է կովերին չկթել եւ հորթերին մշտապես պահել մայրերի հետ արոտում: Կամ ինչպես կարող է հորթերի՝ օրական մեկուկես կիլոգրամ քաշաճը «նորմալ» ցուցանիշ համարվել որեւէ տնտեսության համար: Մինչդեռ այս ամենը իրականություն է, ինչպես եւ իրականություն են ընկերության ստեղծած բոլոր հարմարություններով՝ ջեռուցմամբ, տաք ջրով, համացանցային կապով ապահովված շարժական ճամբարները, որոնք անասնապահին պահում են նախրի մոտ՝ բարձրադիր արոտավայրերում՝ խուսափելով կովերին տասնյակ կիլոմետրեր քշելուց։

Պատակահան չէ, որ «Մաունթեն Բիֆ Քոմփանի» ընկերությունն իր առաքելության մաս է համարում առաջիկայում տոհմաբուծական աշխատանքներ իրականացնել՝ նաեւ ֆերմերներին տոհմային նյութով օգնելու համար:

Հաշվի առնելով մսատու անասնաբուծության զարգացման՝ Աշոտ Պողոսյանի նկարագրած հսկայական ներուժը՝ մեր ապագա անասնաբույծներին մեծ ծավալի ոգեւորիչ աշխատանք է սպասվում։