Մեր կայացած, զորեղ փաղանգը․ նա քայլեց հոր ճանապարհով

Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետի ուսանող դառնալու հենց առաջին օրերից Լիլիթ Ղազարյանը զանազանվում էր իր աշխուժությամբ, գիտելիքի կայուն պաշարով, անհագորեն կարդալու մղումով, գրագետ ու կուռ գրելու ակնհայտ ձիրքով: Հայրը նույնպես մեր բուհի շրջանավարտ է:

Լիլիթը պատմում է. «Երազում էի լրագրող դառնալ, բայց հորս օրինակն ինձ ուղղորդեց Ագրարային համալսարան: Ես, փաստորեն, ենթագիտակցորեն քայլեցի հորս ճանապարհով: Միշտ լսում էի նրա պատմությունները այս բուհի ու ագրարային ոլորտի կարեւորության մասին: Հիմա էլ ես եմ հաճախ կրկնում, որ շնորհակալ եմ իմ հարազատ կրթօջախին այն բոլոր անգնահատելի հմտությունների, կարողությունների համար, որոնք փոխանցել են սիրելի դասախոսներս»:

Ավարտելուց հետո փայլուն հանձնեց քաղծառայողի քննությունն ու աշխատանքի անցավ քաղաքաշինության նախարարությունում: Այստեղ շատ արագ նկատեցին աղջկա գրագիտությունն ու գրելու կարողությունը եւ պատասխանատու աշխատանք վստահեցին: Աշխատանքի որակը տարբերվող էր, ակնառու, այն աստիճան, որ պարբերաբար բարձր գնահատականի էր արժանանում:

Հետո աշխատեց ԱԻՆ-ում: Այստեղից եռամսյա գործուղումը Հնդկաստան Լիլիթի առջեւ բացեց Արեւելքի ողջ առեղծվածային հմայքը: Եւ երբ հայրենիք վերադառնալուց հետո Չինաստանում անգլերենի դասավանդման հնարավորություն ստեղծվեց, մեկնեց առանց վարանելու: Հեշտ չկարծեք. միանգամայն այլ քաղաքակրթություն, այլ մշակույթ է: Բայց այստեղ էլ, ինչպես ամենուր, հասկանում ու գնահատում են սիրով շաղախված անմնացորդ նվիրումն ու ջանքը: Եւ բնավ պատահական չէր, որ կարճ ժամանակ անց նրան վստահվեց ուսուցիչների 25 հոգանոց խմբի ղեկավարությունը: Ենթակաները աշխարհի տարբեր ծայրերից եկած մասնագետներ էին, այդ թվում մեր հարեւան երկրից: Խեղճ, հավակնոտ հարեւանուհին չդիմացավ ճակատագրի հեգնանքին ու փախավ… ուր աչքը կկտրեր։

Լիլիթը մի անխախտ ավանդույթ ունի, լսարան մտնելիս առաջին հերթին պատմում է Հայաստանի, հայ մշակույթի ու անպատճառ՝ լավաշի մասին: Եւ երբ ուսանողները իրեն Լավաշ մականուն են տալիս՝ չի նեղանում, շոյվում է, չէ որ հայրենիքի հրաշք խորհրդանիշը, իր կարեւոր այցեքարտն է դառնում աշխարհի որեւէ կետում:

Լիլիթ Ղազարյանը հիմա աշխատում է «Հայփոստում», հանրային կապերի մասնագետ է, մեծացնում է խելացի որդուն՝ Միքայելին, որն ընդամենը վեց տարեկան է, բայց արդեն գիտե անգլերեն, չինարեն, սակայն միշտ ընդգծում է. «Ես ամենից շատ հայերեն տառերն եմ սիրում»: